1497 դիտում
22:26 07-02-2019
Բազմավաստակ գիտնական Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով է մեկնարկել ՀՀ ԳԱԱ-ում
Փետրվարի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց բազմավաստակ գիտնական, երկրաբան, պետական գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը` ընդգծելով Աշոտ Ասլանյանի մեծ ներդրումը երկրաբանական գիտությունների զարգացման գործում:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆայել Մելքոնյանը իր զեկույցում ներկայացրեց Աշոտ Ասլանյանի մեծ գիտական ուղին և պատվավոր տեղը հայրենական գիտության երախտավորների շարքում:
Աշոտ Ասլանյանը 1941 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետը և մեկնել ռազմաճակատ, 1941-1943 թթ-ին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է բանակից: Նա զբաղեցրել է բարձր պաշտոններ` 1965-1966 թթ-ին եղել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր, 1966-1975 թթ-ին` բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստր, 1975-1987 թթ-ին` Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն: 1965 թ-ին նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1986 թ-ին` Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
Նրա ղեկավարության տարիներին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվեց լեռնա-մետալուրգիական ֆակուլտետ, սեյսմատեկտոնիկայի պրոբլեմային լաբորատորիա: Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրի պաշտոնը զբաղեցնելիս նա մեծ ավանդ է ունեցել բարձրագույն դպրոցի նյութատեխնիկական բազայի ամրապնդման, ԲՈՒՀ-երում գիտահետազոտական աշխատանքների ընդլայնման, մի շարք նոր ֆակուլտետների, ամբիոնների և լաբորատորիաների կազմակերպման գործում:
«Աշոտ Ասլանյանը բազմակողմանի գիտնական էր և վստահորեն կարելի է ասել, որ նա բացառիկ երևույթ էր հայրենական երկրաբանությունում», - նշեց Ռաֆայել Մելքոնյանը:
Չափազանց կարևոր էին Աշոտ Ասլանյանի տեսական աշխատանքները, որոնք գտնվում էին մեծ երկրաֆիզիկայի և մոլորակագիտության սահմանագծում: Այդ աշխատանքներում տրվեցին լիթոսֆերայի ֆիզիկա-մեխանիկական բնութագրերի քանակական գնահատականները Երկրի միջուկի, կեղևի խտության, մասսայի, ձևի, ծավալի և միջին տեսակարար կշռի էվոլուցիայի հաշվարկային որոշումները նրա գոյության 4.5 միլիարդ տարիների ընթացքում:
Աշոտ Ասլանյանը Նյու-Յորքի ակադեմիայի անդամ էր, երկու անգամ զբաղեցրել է մոլորակագետների Միջազգային ասոցիացիայի փոխպրեզիդենտի պաշտոնը, եղել է ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասի չորրորդական ժամանակաշրջանի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ:
Ակադեմիկոս Ասլանյանն արժանացել է բարձր պետական պարգևների` Հայրենական Մեծ պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշան, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան: Նա պարգևատրվել է Գերմանիայի Միներալոգիական ընկերության Աբրահամ Վերների անվան մեդալով, ՍՍՀՄ Աշխարհագրական ընկերության Սեմյոնով-Տյանշանսկու անվան մեդալով:
«Աշոտ Ասլանյանը կյանքից հեռացավ 1989 թ-ին` թողնելով աշխարհին իր գիտական հարուստ ժառանգությունը», - նշեց Ռաֆայել Մելքոնանը:
[b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1643 դիտում
12:06 08-07-2020
ԳԱԱ-ում անցկացվել է Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված առցանց գիտաժողով
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»