211652_close_icon
views-count1152 դիտում article-date 20:46 14-02-2019

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են համագործակցության ուղղությունները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Մացեյ Ժուրայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները: Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում էլ, որի աջակիցներից է Եվրոպական ներդրումային բանկը, համայնքային շուրջ 48 մանկապարտեզ ամբողջովին կհիմնանորոգվի, իսկ մոտ 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ: Անդրադառնալով կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացմանը՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև աղբի տեսակավորման գործընթացի կիրառումը և նշել, որ ոլորտում արդյունքներ գրանցելու համար այս մոտեցումը ևս անհրաժեշտություն է: Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Մացեյ Ժուրան քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր է առաջարկել և նշել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել համագործակցության ուղղությունները և օժանդակել Երևանի համար հրատապ խնդիրների լուծմանը: Բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային ծրագրերի իրականացման հարցում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հստակեցնել համագործակցության նոր ուղղությունները՝ ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:

Նմանատիպ նյութեր