211652_close_icon
views-count855 դիտում article-date 22:45 20-07-2022

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են գործակցությունը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռայի հետ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու նախանշել առաջիկա անելիքները:
Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, քայլեր են ձեռնարկվում երևանյան պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները ևս նախագծում ընդգրկելու ուղղությամբ: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հստակեցնել գործակցության նոր ուղղությունները՝ ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:

Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ համատեղ ծրագրերը լուրջ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա:

Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռան էլ իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է իրենց համար, և ընդգծել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել ծրագրերն ու ընդգրկել նոր ոլորտներ:
 

Նմանատիպ նյութեր