211652_close_icon
views-count4670 դիտում article-date 17:16 25-02-2019

24-ամյա տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ 20-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝ 20-ամյա բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը, ով Արագածոտնի մարզի բնակիչ է՝ ծնված 1995 թվականին, և աշխատում է տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, 2018թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, նկատել է սուպերմարկետից դուրս եկող 20-ամյա աղջկան և վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ հետապնդել է նրան: Իր մտադրությունն իրագործելու նպատակով ժամը 00:05-ի սահմաններում շենքերից մեկի մուտքում թիկունքից մոտեցել է աղջկան, ձեռքով փակել վերջինիս բերանը՝ այդ կերպ նրան թույլ չտալով օգնություն կանչել: Աղջիկը, հավասարակշռությունը կորցնելով, վայր է ընկել, իսկ երիտասարդը, նրա կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, սակայն լսելով բնակարաններից մեկի դռան բացվելու ձայնը՝ դիմել է փախուստի: Մինչդատական վարույթում ստացվել են սուպերմարկետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է 24-ամյա երիտասարդը հետապնդում 20-ամյա աղջկան: Նախաքննության ընթացքում կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, որի ժամանակ աղջիկը ճանաչել է երիտասարդին: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b] ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր