211652_close_icon
views-count2878 դիտում article-date 22:20 27-02-2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է գարնանային նստաշրջանը

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը փետրվարի 27-ին հրավիրել է 9-րդ նստաշրջանի առաջին նիստը: Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, բացելով նիստը, անդրադարձել է հայ նորագույն պատմության մեջ փետրվար ամսվա, ինչպես փառահեղ, այնպես էլ ողբերգական իրադարձություններին: Այս համատեքստում ընդգծվել է 31 տարի առաջ ազգային ինքնությունը պահպանելու ու պետականությունը վերականգնելու պահանջով սկիզբ առած Ղարաբաղյան շարժման կարևորությունը և հիշատակվել Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայ բնակչության կոտորածի փաստը: Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած հայրենակիցների հիշատակը: ԱԺ նախագահը նաև ողջունել է նիստին մասնակից Արցախի պետական համալսարանի քաղաքագիտություն և թարգմանչական գործ մասնագիտության ուսանողներին, ովքեր փորձուսուցում են անցնում հանրապետության օրենսդիր մարմնում, ու մաղթել մասնագիտական կարողությունների կատարելագործում և ակտիվ մասնակցություն՝ հայրենիքին ծառայելու գործում: Հունվար-փետրվարին Ազգային ժողովի գործունեությունն ամփոփելուց հետո, Աշոտ Ղուլյանը հայտարարել է 9-րդ նստաշրջանը բացված, որից հետո խորհրդարանը հաստատել է իններորդ նստաշրջանի և փետրվարի 27-ի նիստի օրակարգերը: Հաջորդիվ Ազգային ժողովը լսել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի տեղեկությունը՝ խորհրդի 2018թ. գործունեության մասին: Անդրադառնալով օրենսդրական նախագծերին՝ խորհրդարանը քննարկել է Արցախի Հանրապետության Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ առաջարկվում է ԼՂՀ քրեական դատավարության, ԼՂՀ քաղաքացիական դատավարության, ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքերով կարգավորվող իրավահարաբերությունները համապատասխանեցնել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթներին: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը կողմ է քվեարկել նախագծին: Արդարադատության նախարարը այնուհետև ներկայացրել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը: Հեղինակի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել արդարության պատշաճ իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության միջև հավասարակշռությունը: Նախագծով առաջին անգամ սահմանվել են օպերատիվ-հետախուզական գործունեություն հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները և այլ իրավական դրույթներ: ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանն այս նախագծի վերաբերյալ ևս ներկայացրել է դրական եզրակացություն, որից հետո խորհրդարանն օրենքն ընդունել է առաջին ընթերցմամբ: Հաջորդը «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր, որի ընդունմամբ, նախարարի խոսքով, կվերացվի դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձի իրավունքների սահմանափակումը: Դրական եզրակացությամբ խորհրդարանը քննարկել և ընդունել է օրենքը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը: Հեղինակի փոխանցմամբ՝ այն նպատակ ունի կարգավորել պաշտոնաթող նախագահներին ընձեռնված արտոնություններից օգտվելու պայմանները: Նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը: Վերջինս նշել է, որ գործադիր իշխանությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն, քանի որ անընդունելի է համարում առաջարկվող փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված նախագահի երաշխիքները սահմանված են Սահմանադրությամբ, որպես պետության գլուխ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնաթողությունից հետո՝ իր կարգավիճակին համարժեք: Գործադիր իշխանության ներկայացուցչի խոսքով՝ դրանց տրամադրումը որևէ առնչություն չունի պաշտոնաթող նախագահի՝ Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու հանգամանքով: ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր՝ որոշ վերապահումներով: Խորհրդարանը 9 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժել է օրենքի ընդունումը: «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ, որը սահմանելու լիազորությունը կվերապահվի Արցախի Հանրապետության կառավարությանը: Արդյունքում՝ կբարձրացվեն 3 332 անձանց կենսաթոշակների չափերը՝ հավասարեցնելով 25 հազար դրամի: Խորհրդարանը հավանություն է տվել սույն օրենքի ընդունմանը՝ հիմք ընդունելով ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ընդմիջումից հետո, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ, որի ընթացքում կառավարության ներկայացուցիչները պատասխանել են բնագիտական մասնագիտությունների զարգացմանը, կադաստրային գնահատման աշխատանքներին, Քաշաթաղի շրջանի ջրամատակարարմանը և բնակարանաշինությանը, քրեակատարողական հիմնարկներին, վարկային տոկոսադրույքներին, սպորտի ոլորտում պետական աջակցությանը, առողջապահության ոլորտում որոշ ծառայությունների պայմաններին և դրոշմանիշային վճարներին վերաբերող պատգամավորների հարցերին: Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Էրիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Գագիկ Բաղունցը, Ռամելա Դադայանը, Վարդգես Բաղրյանը, Դավիթ Իշխանյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Արպատ Ավանեսյանը, Արամ Գրիգորյանը, Գեղամ Ստեփանյանը և Արթուր Թովմասյանը:

Նմանատիպ նյութեր