211652_close_icon
views-count1748 դիտում article-date 23:50 28-02-2019

Ֆրանսիայում Միսաք Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 21-25-ը Ֆրանսիայում անցկացվեցին Միսաք Մանուշյանի խմբի գնդակահարության 75-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Փետրվարի 21-ին՝ Մանուշյանի խմբի գնդակահարության 75-ամյակի օրը, հիշատակի արարողություն տեղի ունեցավ Մոն Վալերիեն (Mont Valérien) բլուրի վրա, որտեղ տեղի էր ունեցել գնդակահարությունը: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի զինված ուժերի պետքարտուղար Ժենեվիեվ Դարյոսեկը (Geneviève Darrieussecq) և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Փետրվարի 24-ին Դիմադրության նախկին մարտիկների և ընկերների ազգային ասոցիացիայի կողմից (Association Nationale des Anciens Combattants et Ami(e)s de la Résistance, ANACR) հիշատակի միջոցառում կազմակերպվեց Փարիզի Իվրիի գերեզմանատանը, որտեղ հողին են հանձնված Միսաք Մանուշյանի, ինչպես նաև իր խմբի մյուս մարտիկների մարմինները: Փետրվարի 25-ին հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կազմակերպվեց ևս մեկ հիշատակի արարողություն՝ նվիրված Միսաք Մանուշյանի խմբին: Միջոցառումը կազմակերպվել էր Դիմադրության հայ նախկին մարտիկների ազգային ասոցիացիայի (Association Nationale des Anciens Combattants et Résistants Arméniens) և հրեական բանակային հոգևորական ծառայության (Aumônerie Israélite des Armées) կողմից: Միսաք Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև Փարիզի 14-րդ և 20-րդ շրջաններում, ինչպես նաև Մարսել, Վո Ան Վլեն, Ռոման, Վալանս, Գարգան և Շուազի-լը-Ռուա քաղաքներում: Փետրվարի 15-ին Փարիզում հայկական մշակութային տանը կազմակերպվել էր նաև Մանուշյանի խմբի մասին պատմող «Ազատության պարտիզանները» ֆիլմի ցուցադրությունը: Հիշատակի միջոցառումներին ներկա են գտնվել նաև հայ համայնքի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Լիոնում և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր