211652_close_icon
views-count2789 դիտում article-date 14:54 07-03-2019

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորների նախագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում, որը գործատուին հնարավորություն կտա աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում։ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաև աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը։ Այսինքն՝ օրենսգրքում արդեն իսկ առկա է համանման կարգավորում, որը, ի տարբերություն առաջարկվող փոփոխության, ենթադրում է ոչ թե մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, այլ պարբերաբար, առանց հարգելի պատճառի, իրեն վերապահված պարտականությունները չկատարելու և համապատասխան կարգապահական տույժերի առկայության դեպքում միայն աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծում»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նախարարի գնահատմամբ՝ «նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել ու ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պարտականությունների առանց հարգելի պատճառի չկատարելը: Հետևաբար, օրենսգրքի գործող կարգավորումն այս իմաստով առավել ընդունելի է՝ գործատուի և աշխատողի շահերի հավասարակշռության տեսանկյունից»: Բաթոյանը նաև ընդգծեց, որ իրենց նախարարությունը նախաձեռնելու է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ։

Նմանատիպ նյութեր