211652_close_icon
views-count1155 դիտում article-date 10:15 21-03-2019

Ղազախստանը կմնա կոշտ ավտորիտար ռեժիմով երկիր․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ մի տեղ կարդացի, որ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ազդեցության տակ: Այսպես ասած՝ չդիմացավ բարոյական ճնշմանը: Այդ վարկածի հեղինակը, բնականաբար, մեր հայրենակիցն էր, որն այն թյուր կարծիքն ունի, թե Հայաստանը տիեզերքի կենտրոնն է, և մեր երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ցնցում է ամբողջ աշխարհը: Ցավոք, դա այդպես չէ, և անգամ ԱՊՀ տարածքում մեր ազդեցությունը սահմանափակ է այնքանով, որքանով փոքր է մեր տնտեսությունը և մեր շուկան: Ադրբեջանի վրա մեր հեղափոխությունը որոշ չափով ազդել է, քանի որ Ալիևը կցանկանար եվրոպացիներից և ամերիկացիներից լսել դրվատանքի նույն խոսքերը, որոնք այժմ հնչում են մեր հասցեին, և արդյունքում շահեցին ադրբեջանցի մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, որոնց այդ երկրի նախագահը ներում շնորհեց: Կենտրոնական Ասիայի պետությունները մեզ հետ «տալիք-առնելիք» առանձնապես չունեն և, ի դեպ, արևմտյան դրվատանքն էլ նրանց առանձնապես պետք չէ: Ասում են նաև, որ Նազարբաևը բոլորովին էլ չի գնացել և շարունակելու է երկիրը ղեկավարել ստվերից, ու դրա անուղղակի ապացույցն այն է, որ նախագահի պարտականությունները ստանձնած Կասիմ-ժոմարտ Տոկաևը հենց երդմնակալության ժամանակ նշել է, որ Նազարբաևը ինչպես եղել է ղազախ ժողովրդի հայր, այդպես էլ կմնա, նրա նկարները կզարդարեն բոլոր հիմնարկները: Տոկաևը նաև առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան: Բայց անկախ նրանից, թե իշխանության որ մասն է իր ձեռքում պահելու Նազարբաևը, քաղաքական ռեժիմը և հասարակական մթնոլորտը չեն փոխվի՝ Ղազախստանը կմնա կոշտ ավտորիտար ռեժիմով երկիր, որտեղ ընտրությունները զուտ խորհրդանշական բնույթ են կրում և արտացոլում են նեղ վերնախավային պայմանավորվածությունները: Այդ ամենը խորթ է մեր քաղաքական մշակույթին, և հենց դա է պատճառը, որ մենք՝ հայաստանցիներս, ընդվզում ենք պաշտոնյաների սենյակներում կախված «առաջնորդի» դիմանկարների, առաջին դեմքի՝ պաշտոնում անվերջ մնալու ձգտումների դեմ, որը դրսևորվել էր մինչև հեղափոխությունը, կամ անձի պաշտամունքի տարրերի, որոնք ի հայտ են գալիս հիմա: Բայց Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի երկրների համար դա միանգամայն օրգանական երևույթ է, այդպես է «ծրագրավորված» մարդկանց ուղեղները: Եվ դա ոչ լավ է, ոչ էլ վատ՝ պարզապես մեզնից տարբերվող մշակույթ է, ոչ մի քննադատելու կամ, առավել ևս, ծաղրելու նյութ այստեղ չկա: Պետք է շարունակել զարգացնել բարեկամական հարաբերություններն այդ երկրների հետ՝ ելնելով մեր շահերից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր