211652_close_icon
views-count1257 դիտում article-date 15:02 21-03-2019

Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար. Մհեր Գրիգորյանն ընդունել է Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Շվեդիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հաջողությունները մասնավորապես ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական պաշտպանության առումով օրինակելի են: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է չորս հիմնական ոլորտները, որտեղ Կառավարությունը նախատեսում է իրականացնել բարեփոխումներ՝ տնտեսություն, ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարադատություն: Ըստ փոխվարչապետի՝ իհարկե բարեփոխումների իրականացման ճանապարհին կան մարտահրավերներ, բայց դրանց հնարավոր է դիմակայել Կառավարության առաջ քաշած գերագույն արժեքների ինստիտուցիոնալիզացման միջոցով: Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որը պետք է իրացնել: Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում իրականացվելիք տնտեսական բարեփոխումների օրակարգին, հարկային բարեփոխումների տրամաբանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր