211652_close_icon
views-count2940 դիտում article-date 21:54 12-06-2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։ Կողմերն ընդգծել են, որ 2018 թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան առաջին երկրներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո կանգնեց Հայաստանի կողքին՝ հատկապես ընդգծելով շվեդական կողմի oժանդակությունը 2018 թ. դեկտեմբեր 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցության եւ Ազգային Ժողովի կարիքների զարգացման ծրագրերին։ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի որոշումը վերանայելու իր նախկին քաղաքականությունը եւ Հայաստանի հետ երկկողմ ծրագրերի ձեւաչափին անցումը, ինչը հնարավորություն է ընձեռում օժանդակությունը դարձնել ավելի ծավալուն եւ թիրախային։ Նախարար Էրիքսոնն ընդգծել է հայ-շվեդական տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի եւ աղբի վերամշակման ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Նա ողջունել է նաեւ Հայաստանի դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների հանձնառությունը։ Հունիսի 12-ին ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի հետ։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հնարավոր բոլոր ուղղություններով, որոնք առկա են հայ-շվեդական օրակարգում, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիան արմատախիլ անելու իշխանությունների պատրաստակամությանը, ինչպես նաեւ տնտեսության մեջ գործարարության համար հավասար պայմաններ ստեղծելու հրամայականին, ինչն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների ծավալը մեծացնելու համար։ Նախարար Ուոլսթրոմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Նույն օրը Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ։ Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ՝ հատուկ շեշտելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքում Շվեդիայի կողմից անհրաժեշտ օգնության ցուցաբերումը։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կոմը Եվրոպական միությանն է ներկայացրել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որի հաստատումը նախատեսվում է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առաջիկա նիստի ընթացքում։ Նախարար Դալգրենը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, քննարկել է դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը։ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բարեփոխումների օրակարգը եւ մոտակա անելիքները, ընդգծել է այդ ճանապարհը բոլոր միջազգային, այդ թվում եվրոպական գործընկերների հետ անցնելու հայկական կողմի պատրաստակամությունը։ Նա նաեւ ընդգծել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարեւորությունը, ինչը թույլ կտա աննախադեպ կերպով ընդլայնելու մեր ժողովուրդների միջեւ շփումները մշակութային, գիտական, կրթական եւ հումանիտար ոլորտներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր