211652_close_icon
views-count1732 դիտում article-date 13:20 30-03-2019

Սեբաստիան Կուրցը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն հետագա ակտիվ երկխոսությունը` նոր թափ հաղորդելու հատկապես տնտեսական գործակցությանը, առևտրաշրջանառության ծավալների աճին: Սեբաստիան Կուրցը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները և նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հայաստանի բարեփոխումների օրակարգն արդյունավետորեն առաջ մղելու նպատակով: Այդ առումով, կողմերը կարևորել են նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացումը և ԵՄ անդամ պետությունների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում այդ համաձայնագրի վավերացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Վիեննայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր