211652_close_icon
views-count1362 դիտում article-date 16:42 05-04-2019

Մեղրի համայնքի նախկին ղեկավարին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրի համայնքի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի: 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը, ով պաշտոնավարել է 2012 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ կատարել է գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձանց իրավունքներին, ինչպես նաև՝ համայնքի օրինական շահերին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ պաշտոնավարման ժամանակահատվածում Մեղրի քաղաքային համայնքի ղեկավարը և նույն համայնքի ղեկավարի տեղակալ, «Մեղրի» հիմնադրամի տնօրենը նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ խախտել են ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 1328-Ա որոշմամբ սահմանված՝ Մեղրի քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը և Սյունիքի մարզի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող, չշահագործվող նախկին շենքն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը որպես բնակելի շենք վերակառուցելու և 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրիի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի N7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին ու Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին իրավունքով, անհատույց տրամադրելու և դրա հիման վրա կայացված Մեղրիի համայնքի ավագանու համապատասխան որոշումների պահանջները: Մասնավորապես՝ առանց փաստացի ուսումնասիրելու բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների հաշվառման գործերի ամբողջական տվյալները, առանց վիճակահանությամբ բնակարանների բաշխման գործընթացի կազմակերպման և հանձնաժողովի եզրակացության, անտեսելով բնակարաններն անհատույց տրամադրելու՝ կառավարության վերը նշված որոշման իմպերատիվ պահանջները՝ անհատույց տրամադրվող շինությունները բնակելի տարածքի վերակառուցելու, բնակարան ստացող շահառուների ցուցակում ընդգրկելու և բնակմակերես հատկացելու դիմաց, կառավարության որոշմամբ նախատեսված՝ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ 8 ընտանիքներից պահանջել են «Մեղրի» հիմնադրամի հաշվին վճարել իրենց կողմից կամայականորեն որոշված 1 քմ-ի դիմաց 26.000-36.000 ՀՀ դրամ գումար, իսկ բնակարանի կարիք չունեցող և /կամ/ երիտասարդ չհամարվող ու չամուսնացած 14 անձանց տրամադրել են բնակարաններ: Բացի այդ, նույն հասցեում գտնվող և նույն նպատակով հանձնված 31,3 քմ, 32,8 քմ, 35,5 քմ, 34,1 քմ, 28,8 քմ և 31,3 քմ մակերեսով ավտոտնակները և նրանց պահպանմանն ու սպասարկմանն ամրակցված հողամասերը համապատասխանաբար 385.000 ՀՀ, 330.000 ՀՀ, 275.000 ՀՀ, 330.000 ՀՀ, 247.500 ՀՀ և 385.000 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել են թվով 6 անձանց: Արդյունքում՝ հրդեհի պատճառով տուժած ընտանիքները հրաժարվել են վճարել և ստանալ անհատույց կարգով իրենց հասանելիք բնակարանները, իսկ բնակարանի կարիք ունեցող 8 եիտասարդ ընտանիքիներ վճարել են ընդհանուր 17 556 710 ՀՀդրամ գումար՝ իրենց անհատույց կարգով հասանելիք բնակարնները ստանալու համար, ինչպես նաև դրա իրավունքը չունեցող թվով 14 ընտանիքներ ստացել են բնակարաններ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մեղրի քաղաքային համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր