1721 դիտում
10:48 27-04-2019
Ամենակարևոր փոփոխությունը, որը տեղի ունեցավ 1 տարի առաջ՝ երիտասարդները դադարեցին իրենք իրենցից զզվել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ես դեմ չեմ Քաղաքացու օրը նշելուն: Ընդհանուր առմամբ դա ճիշտ գաղափար է: Պարզապես պետք չէր այդ հարցում շտապել: Որոշակի ժամանակ է պետք մեկ տարի առաջվա իրադարձությունները իմաստավորելու համար, որպեսզի պաշտոնական ձեւակերպումները՝ «թավշյա», «ոչ բռնի», «սիրո եւ հանդուրժողականության», «աննախադեպ», երբեմն նաեւ՝ «համաշխարհային նշանակություն ունեցող» բառերն ու բառակապակցությունները պատմական իմաստ ստանան:
Իդեալական կլիներ, եթե նման օր հռչակեր ոչ թե այս, այլ հաջորդ իշխանությունը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ հեղափոխական կառավարությունը ինքն իրեն փառաբանում է եւ նշում է իր հաղթանակը: Եթե հաջորդ, հերթական խորհրդարանական ընտրություններում ներկայիս իշխող քաղաքական ուժը պարտվի եւ խաղաղ հեռանա, ապա հնարավոր կլինի արձանագրել, որ 2018 թվականի հեղափոխությունը հաղթել է, եւ այդ դեպքում կարելի է լիաթոք նշել Քաղաքացու օրը:
Իսկ այդ պարտությունն, ինձ թվում է, անխուսափելի է, որովհետեւ որքան էլ լավ աշխատի ներկայիս կառավարությունը, 4,5 տարի հետո մեր քաղաքացիների մեծ մասը շարունակելու է աղքատ ապրել: Այսօր «եթե պարտվենք, գնալու ենք» իշխանության խոստումն առանձնապես գին չունի. ՀՀՇ-ն եւ ՀՀԿ-ն նույնպես ասում էին՝ «եթե ժողովուրդը որոշի, մենք կգնանք», բայց իրականում չէին ընդունում ժողովրդի որոշումը եւ ձեւ էին անում, որ չեն պարտվել: Ի դեպ, հիմա էլ են նրանք պնդում, որ հաղթել են բոլոր ընտրություններում՝ «այո, եղել են առանձին թերություններ, բայց ընդհանուր առմամբ…»:
Ասածս ամենեւին չի նսեմացնում այն, ինչ արվել է մեկ տարի առաջ: Եվ այստեղ ուզում եմ հիշել մի հատկանշական պատմություն, որը ժամանակին ներկայացրել եմ: Նախորդ (ոչ այս՝ վերջին) ընտրություններից մեկի ժամանակ մի աղջիկ որոշել էր բարեխղճորեն աշխատել որպես վստահված անձ եւ կասեցնել իրավախախտումները: Երբ ընտրակեղծարարները սկսեցին անել իրենց սեւ գործը, իսկ աղջիկը սկսեց ընդվզել, նրան մեկուսացրին եւ զանգեցին ծնողներին, որոնք աշխատում էին պետական հատվածում եւ որոնց վրա լծակներ ունեին:
Ծնողները սկսեցին պահանջել, իսկ այնուհետեւ աղաչել-պաղատել աղջկան, որ նա տուն վերադառնա, ինչը եւ ի վերջո տեղի ունեցավ՝ նա չէր ուզում, որ ծնողները զրկվեն աշխատանքից: Սակայն ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի մասին ահազանգ էր եկել ոստիկանություն, եւ աղջկան կանչում են հարցաքննության: Քանի որ ոստիկանությունն ընտրակեղծարարների հետ «օրթաղ էր», հարցաքննությունը հատուկ վարում են հանցագործությունը կոծկելու նպատակով, եւ աղջիկը, դարձյալ վախենալով ծնողների համար, ցուցմունք տվեց, որ պարզապես վատ էր զգացել ու գնացել էր տուն:
«Ինչպես էի ես ինձնից զզվում»,- պատմում է այդ աղջիկը: Ահա այստեղ պետք է փնտրել ամենակարեւոր փոփոխությունը, որը տեղի ունեցավ մեկ տարի առաջ: Մարդիկ (համենայնդեպս, մեծ մասը եւ առաջին հերթին՝ երիտասարդները) դադարեցին իրենք իրենցից զզվել, նրանց մեջ արթնացավ քաղաքացիական արժանապատվությունը: Արդյո՞ք դա ժամանակավոր, թե՞ մշտական փոփոխություն է: Կախված է մարդկանցից»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1870 դիտում
10:13 16-06-2022
«Դադարեցին զորակոչիկներ ուղարկել Արցախ, ինչից ՊԲ թիվը նվազում է»․ Կարեն Վրթանեսյան. «168 ժամ»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»