211652_close_icon
views-count1279 դիտում article-date 19:54 30-04-2019

Ունիվերսիադայի շնորհիվ ուսանողները դառնում են հայրենիքի պաշտպանության համար էլ ավելի պատրաստված երիտասարդներ. ՀՀ պաշտպանության փոխնախարար

Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը կայացել է ՀՌՀ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպվող հոբելյանական հինգերորդ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուլ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2019» մրցույթի փակման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր ելույթում նշել է, որ դիտարկում է Ունիվերսիադան՝ որպես հայաստանյան լավագույն ուսանողությանը միավորող իրադարձություն: «Ուրախ եմ և ինչ-որ չափով նաև հպարտ, որ այս տարիների ընթացքում Պաշտպանության նախարարության հետ միասին մենք կարողացանք ձևավորել այս դաշտը: Եվ այս մրցակցային մթնոլորտն առաջին հերթին սերված է ընկերակցության, բարեկամության, բարին սփռելու, գեղեցիկ ավանդույթները փոխանցելու, որովհետև մշակութային, մարզական, ինտելեկտուլ դաշտը, ուսանողական գեղեցիկ կյանքի ամբողջ դաշտը կարծես թե ներառված է: Ես շատ ուրախ եմ, որ Ունիվերսիադան տարեցտարի ավելի մեծ ընդգրկում է ստանում և մասնակիցների թվաքանակի, և համալսարանների ներկայության առումներով: Կարծում եմ, որ սա արդեն ընդհանուր հայաստանյան ուսանողության շատ գեղեցիկ հարթակ է»,- ընդգծել է նա: Ունիվերսիադայի գլխավոր նպատակն է համախմբել ՀՀ և Արցախի ԲՈՒՀ-ական հանրությանը մեկ ծրագրի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով ինքնադրսևորվելու և իրենց ստեղծագործական ու մարզական կարողությունները ներկայացնելու համար: Ծրագրի նպատակն է ստեղծել հատուկ բարեկամական և մրցակցային մթնոլորտ, որտեղ ուսանողները հնարավորություն կստանան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ, մասնակցելու մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթների: «Համոզված եմ, որ այս Ունիվերսիադան նոր լիցք հաղորդեց ուսանողների միջև ջերմ հարաբերությունների ձևավորմանն ու առողջ ապրելակերպի տարածմանն երիտասարդության շրջանում: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կարևորում է Ունիվերսիադայի ծրագրով ներկայացված միջոցառումներին մասնակցությունը, որտեղ ուսանողները հնարավորություն են ստանում որոշակի գիտելիքներ և ունակություններ ձեռք բերել նաև ռազմական ոլորտից՝ դառնալով հայրենիքի պաշտպանության համար էլ ավելի պատրաստված երիտասարդներ»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2019» մրցույթի արդյունքներով լավագույն ԲՈՒՀ է ճանաչվել Հայ-Ռուսական համալսարանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, իսկ երրորդը՝ ԵՊՀ-ն։ Այս տարվա մրցույթին մասնակցել են Հայ-Ռուսական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի համալսարանի երևանյան մասնաճյուղի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողները: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր