211652_close_icon
views-count1550 դիտում article-date 19:30 30-04-2019

ՀՀ-ն պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել ԵԱՏՄ-ում ինտեգրացման արդյունավետության համար. Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Սարգսյանի ասուլիսը

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ապրիլի 30-ին Երևանում կայացած նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը: Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: Ստորև ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ. [b] Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –[/b] ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, Հարգարժան Տիգրան Սուրենի, Ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Եվրասիական միջկառավարական այսօրվա նիստի առնչությամբ։ Լիահույս ենք, որ այս նիստը, ինչպես և Եվրասիական տնտեսական կառույցի շրջանակում Հայաստանի նախագահությամբ իրականացվող մյուս նախաձեռնությունները, կնպաստեն հետագա ինտեգրմանը և գործնական արդյունքների գրանցմանը՝ առաջին հերթին մեր երկրների քաղաքացիների համար: Հայաստանը հետաքրքրված է Միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար: Այսօր մեր հանդիպման օրակարգում 13 հարց էր: Դրանցից շատերը կարևոր նշանակություն ունեն մեր ինտեգրման խորացման գործում։ Մասնավորապես, դա վերաբերում է Միության թվային օրակարգի՝ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկի իրականացմանն առնչվող հարցերին։ Մենք քննարկեցինք ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման հարցը, որը կարևոր նշանակություն ունի առցանց առևտրի զարգացման համար։ Քննարկվեց նաև գործադիր իշխանության հետ Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի տնտեսվարողների փոխգործակցության ընթացքում օգտագործվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ազգային գաղտնագրական չափանիշների օգտագործման հարցը։ Այս հարցը բարձրացրել էր հայկական կողմը, և մենք ուրախ ենք, որ մեր գործընկերներն աջակցության պատրաստակամություն հայտնեցին։ Մենք նաև քննարկեցինք «Արդյունաբերական կոոպերացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց» նախագիծը։ Դրա հիմնական նպատակն է՝ գործընկերության ձևավորման էկոհամակարգի ստեղծումը, փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավումը խոշոր արտադրողների շղթաներում, ինչպես նաև նորարարական գործընթացների խթանումը՝ տեխնոլոգիաների տրանսֆերի միջոցով։ Մեր օրակարգում էին նաև Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեությանը խոչընդոտող հանգամանքների վերացման հարցերը։ Կցանկանայի նաև առանձնացնել մեր երկրների արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացմանը միտված որոշումը։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, հնարավոր է, ավելի մանրամասն կանդրադառնա Միության որոշումներին, իսկ ես կցանկանայի կատարված արդյունավետ աշխատանքի համար երախտագիտությունս հայտնել այսօրվա նիստի մասնակիցներին: Կցանկանայի ընդգծել հետագայում ևս Երևանում ԵԱՏՄ շրջանակում միջոցառումներն անցկացնելու մեր պատրաստակամությունը: Ուրախ կլինենք ողջունել պետությունների ղեկավարներին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Հայաստանում այս տարվա հոկտեմբերին: Շնորհակալություն ուշադրության համար»: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյան- Շնորհակալություն, Նիկոլ Վովայի: Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, նախ և առաջ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա, որ միջկառավարական խորհրդի նիստերում մենք սովորաբար քննարկում ենք խնդրահարույց հարցերը, որտեղ անհաժեշտ է կոնսենսուս և վարչապետների մակարդակը թույլ է տալիս հենց նիստի շրջանակներում ընդունել քաղաքական որոշումներ՝ հասնելու այդ փոխզիջումներին: Եվ մենք այսօր ձեզ զեկուցում ենք, որ բոլոր հարցերում ձեռք են բերվել պայմանավորվածություններ ու ես կցանկանայի ներկայացնել որոշ խնդրահարույց հարցեր, որոնք եղել են մեր օրակարգում: Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է ցուցաբերում բիզնեսը՝ արգելքներն են, սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս ձևավորել ընդհանուր շուկաներ: Մենք եռամսյակը մեկ վարչապետներին հաշվետվություն ենք ներկայացնում մեր ընդհանուր շուկաներում առկա իրավիճակի մասին, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք առավել բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք չհանդիպեն խոչընդոտների անդրսահմանային տարածքում՝ առևտուր իրականացնելու համար: Ցավոք, մենք արձանագրել ենք, որ այդ խնդիրն այսօրվա դրությամբ լուծված չէ և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի այն սահմանափակումները, որոնք մենք հաստատել ենք, իսկ դրանց թիվը հասնում է 65-ի, հաղթահարենք: Մենք մշակել ենք այնպսիսի ճանապարհային քարտեզներ, որոնք կնպաստեն այդ սահմանափակումների հաղթահարմանը, սակայն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կառավարությունները հսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել դրանք: Երկրորդ ասպեկտը, որը կարևոր է մեր բիզնեսի համար, դա հակադեմպինգային հետաքննության գործառույթն է, որն իրականացնում է կոլեգիան: Մասնավորապես, մենք անցկացրել ենք հակադեմպինգային հետաքննություն՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում հերբիցիդներ արտադրողների շահերի պաշտպանության նպատակով: Եվրոպական մի քանի կազմակերպություններ ձեռնարկել էին դեմպինգային քաղաքականություն, որպեսզի մեր շուկան հայտնվի իրենց ձեռքերում: Անցկացվել է հակադեմպինգային հետաքննություն, սակայն հայտնվել է վետոն, որը մեզ խանգարել է իրականացնել այդ իրավունքը: Մենք գոհունակությամբ ընդծում ենք, որ այսօր մեզ հաջողվեց գալ կոնսենսուսի այդ հարցի վերաբերյալ և կոլեգիայի որոշումը կգործի: Հաջորդ խնդրահարույց հարցը վերաբերել է շաքարավազին, որը ներկրվում է ազատ տնտեսական գոտիներ, իսկ հետո ապրանքները, որոնք պատրաստվում են այդ գոտիներում, հայտնվում են մեր ընդհանուր շուկայում ու այդպիսով խախտվում են հավասար մրցակցային պայմանները: Այստեղ ևս մեզ հաջողվեց այսօր գալ կոնսենսուսի և կա պայմանավորվածություն, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից շաքարավազը կլինի այն ապրանքների ցանկում, որոնք չպետք է հայտնվեն ազատ տնտեսական գոտիներում, այսինքն մենք ստեղծում ենք հավասար, մրցակցային պայմաններ: Մեր ռուսաստանցի գործընկերների կողմից վետո է դրվել նաև կոլեգիայի որոշման վրա՝ կապված նրա հետ՝ արդյոք արտադրողների համար մենք ունենք իրավունք փակել մեր երկրների ոլորտային շուկաները, եթե հանդիպում ենք ինչ որ խնդիրների: Կոլեգիան որոշում է կայացրել, որ չի կարելի փակել ռուսական կաթի շուկան, եթե հայտնաբերվեն այնպիսի ձեռնարկություններ, որոնք խախտում են մեր ընդհանուր տեխնիկական ընթակարգերը: Քննարկումներից հետո նույնպես ընդունվել է կոնսեսուսային որոշում, որ իրոք կոլեգիայի դիքորոշումը ճիշտ է, մենք իրավունք չունենք միակողմանիորեն փակել շուկաները, իսկ ապրանքների տեղափոխումը սահմանափակելու որոշումները պետք է լինեն կոնկրետ ձեռնարկությունների նկատմամբ: Այս օրինակները խոսում են այն մասին, որ միջկառավարական խորհրդի ձևաչափը շատ արդյունավետ է, այն թույլ է տալիս բոլոր նման սուր հարցերը վեր հանել և գալ կոնսենսուսի: Հարցերի երկրորդ խումբը, որոնց մասին նաև պարոն Փաշինյանն ասաց, ուղղված են մեր միության զարգացմանը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության՝ ուղեկցող էլեկտրոնային փաստաթղթերի հետ կապված նախաձեռնությունը ստացել է կոլեգիայի, Եվրասիական միության հանձնաժողովի աջակցությունը և արդեն մշակվում է մեր թվային գրասենյակի կողմից: Այսինքն, Հայաստանի այս փորձը մասշտաբային բնույթ է ստանում Եվրասիական ամբողջ միության շրջանում: Մենք այսօր նաև հաստատել ենք «մեկ պատուհանի» մոդելը: Այն բիզնեսի համար ունի սկզբունքային կարևոր նշանակություն: Եթե մեր բոլոր հինգ երկրները համապատասխան այս մոդելին ձևավորեն այդ միասնական պատուհանը, ապա դա նշանակում է, որ պետությունները բիզնեսին իրենց ծառայությունները կմատուցեն առավել հարմարավետ: Այս հարցի շուրջ ևս առկա է պայմանավորվածություն: Կոնսենսուս կա նաև թվային առաջին ծրագրի թողարկման շուրջ, որը լուծում է կոոպերացիների խնդիրը: Այդ թվային պլատֆորմը, որը կստեղծվի, առաջին հերթին կպաշտպանի փոքր և միջին բիզնեսի շահերը, քանի որ փոքր բիզնեսի համար հանվում են գործառնական մի շարք ծախսեր: Այդ թվային պլատֆորմի միջոցով նրանք կկարողանան վաճառել իրենց ծառայություններն ու ապրանքները և միաժամանակ իրենց համար գտնել հաճախորդներ: Այնպես որ սա բավականին լուրջ բեկում է: Ավարտելով ելույթս, կցանկանայի ընդգծել, որ թվային օրակարգի հետ կապված այսօրվա որոշումները թույլ են տալիս մեզ հայտարարել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առաջին անգամ ձևավորվում է թվային համակարգ, որը թույլ կտա մեր երկրներին իրացնել իրենց թվային սուվերենությունը: Այսինքն, յուրաքանչյուրս կունենանք մեր եվրասիական թվային պլատֆորմը: Շնորհակալություն ուշադրության համար: «Արմենիա» հ/ը - Պարոն վարչապետ, ինչպիսի՞ք են մեր առաջնահերթությունները Միության շրջանակում, քանի որ մենք նախագահում ենք Միությունում: Եվս մեկ հարց Տիգրան Սարգսյանին՝ ո՞ր երկրների հետ է ԵԱՏՄ-ն մոտ ստորագրելու ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագիր, և արդյոք Իրանի՝ պատժամիջոցների ներքո գտնվելու վիճակը չի՞ ազդի այդ երկրի հետ նման համաձայնագրի իրագործմանը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալություն հարցի համար: Ես արդեն իմ ելույթում նշեցի: Եվրասիական տնտեսական միությունում առաջնահերթ հարցերից մեկը մեզ համար բնական գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի, ապագայում նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումն է: Իհարկե, քննարկումներն այդ հարցի շուրջ շարունակվում են. մենք այդ հարցը քննարկում ենք և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, և՛ երկկողմ ձևաչափով: Հուսով եմ՝ այդ գործընթացը կհասնի իր նպատակին, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, դա շատ կարևոր է Եվրասիական տնտեսական միության համար, որովհետև, ինչպես գիտեք, գազի և էներգառեսուրսների գները շատ կոնկրետ ազդում են ապրանքների ինքնարժեքի վրա, և այդ նյուանսը շատ կարևոր է ընդհանուր տնտեսական տարածքի համար: Մյուս առաջնահերթությունը թվային օրակարգն է, և կարծում եմ, որ թվայնացումն իրապես կմոտեցնի մեր տնտեսությունները և իրական հնարավորություններ կստեղծի մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ համագործակցության համար: Իհարկե, կան նաև շատ այլ կարևոր հարցեր, բայց Եվրասիական տնտեսական միության զարգացման և հետագա ընդլայնման, մյուս երկրների համար Միության գրավչության բարձրացման և արդեն անդամ երկրների համար Միության արդյունավետության բարձրացման տեսանկյունից այս հարցերը, իմ կարծիքով, ամենակարևորն են: Շնորհակալություն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյան - Ազատ տնտեսական գոտիների առումով մեզ մոտ հետևյալ իրավիճակն է. մենք ունենք Վիետնամի հետ գործող համաձայնագիր, որն արդեն 2 տարի ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև Վիետնամի հետ առևտուրը տարեկան երկնիշ աճ է արձանագրում, և դա վկայում է այն մասին, որ ազատ առևտրի գոտու մեխանիզմն առևտրի ծավալի ավելացման իրական խթանիչ է հանդիսանում: Դա նշանակում է, որ միաժամանակ կա նաև տնտեսական աճի ներուժ, իսկ վիետնամական շուկան շատ մեծ է և դինամիկ զարգացող, այսինքն՝ հետաքրքիր է այդ թվում նաև հայաստանյան արտադրողների համար: Երկրորդ համաձայնագիրը ժամանակավոր համաձայնագիր է, որը հանգեցնելու է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանը: Գործնականում մեր բոլոր երկրներում այդ համաձայնագիրը վավերացվել է, Ղազախստանում այն արդեն գտնվում է նախագահի ստորագրության ներքո, ինչից հետո մեր իրանցի գործընկերները նույնպես կվավերացնեն, և այդ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի: Մյուս համաձայնագիրը, որը մենք պատրաստել ենք, Սերբիայի հետ է՝ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Այդ համաձայնագիրն ակտուալ է Հայաստանի և Ղրղզստանի համար, քանի որ երեք երկիր՝ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը, Սերբիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունեն, իսկ հիմա անհրաժեշտ է արդեն համաձայնագիր ունենալ ողջ Եվրասիական միության համար: Մենք մոտ ենք այդ համաձայնագիրն ավարտին հասցնելուն: Մյուս համաձայնագրերը, որը մենք հիմա մշակում ենք, Սինգապուրի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտիների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերն են: Այժմ բանակցությունները շարունակվում են, և միևնույն ժամանակ բանակցություններ են տարվում նաև Իսրայելի հետ: Ես թվարկեցի 7 ուղղություն, որոնց վերաբերյալ Եվրասիական հանձնաժողովի բարձրագույն խորհուրդը մեզ հանձնարարել է աշխատել, բանակցություններ վարել և պատրաստել համապատասխան փաստաթղթեր: Մենք արդեն փուլ առ փուլ այդ համաձայնագրերը կներկայացնենք հաստատման: Ինչ վերաբերում է Իրանին, այստեղ իրավիճակը բարդանում է նրանով, որ երբ մենք բանակցություններ էինք վարում, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ չկար: Դա, իհարկե, դա որոշակի ճշգրտումներ կմտցնի՝ տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ տեսնում ենք, որ դա լրջորեն ազդում է մեր իրանցի գործընկերների հետ առևտրի, գործարքների, ֆինանսական գործողությունների իրականացման տեխնոլոգիաների վրա: Բայց, միևնույն ժամանակ, պարզ է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Իրանի նկատմամբ, մյուս կողմից՝ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում և ամենից առաջ Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կարող է օգտվել իր աշխարհագրական դիրքից և առաջարկել կոնկրետ գործիքակազմ, որոնք կնպաստեին Իրանի հետ առևտրի, ապրանքաշրջանառության աճին, և այդ թվում Հայաստանը կիրագործեր իր՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև կամրջի գործառույթը: Կարծում եմ, որ դրանից պետք է օգտվել: Շնորհակալություն: «Ինտերֆաքս» լ/գ – Շնորհակալություն: Հարցս ուղղված է պարոն Սարգսյանին: Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Եվրոպական և Եվրասիական տնտեսական հանձնաժողովների միջև տեխնիկական երկխոսություն է սկսվել, որը նախկինում չի եղել, բայց էությունը չի բացահայտվում: Խնդրում եմ պարզաբանեք՝ ինչի՞ մասին է այդ երկխոսությունը, և ի՞նչ է այն իրենից ներկայացնում: [b]Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյան [/b]– Շնորհակալություն: Դա կարևոր հարց է, քանի որ Եվրասիական հանձնաժողովի բարձրագույն խորհուրդն այդ քաղաքականությունն է իրականացնում՝ ինտեգրման քաղաքականություն: Իսկ ինտեգրումը նշանակում է, որ մենք պետք է կապեր հաստատենք ոչ միայն ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների, այլև մյուս ուղղություններով և այդ թվում՝ Եվրոպական միության հետ, քանի որ Եվրոպական միությունը մինչև վերջերս Եվրասիական տնտեսական միության հիմնական գործընկերն էր: Բայց այն քաղաքական որոշումների պատճառով, որոնք մեր լիազորությունների հարթությունում չեն, կա Եվրասիական տնտեսական միության լուրջ առաջխաղացում ասիական ուղղությամբ. առաջին անգամ նախորդ տարի առևտուրն ասիական երկրների հետ իր ցուցանիշներով առաջ է անցել Եվրոպական միության հետ առևտրի ցուցանիշներից: Բայց, այնուամենայնիվ, ԵՄ-ն շարունակում է մնել մեր հիմնական առևտրային գործընկերը: Մենք շահագրգռված ենք փոխգործակցության նորմալ մեխանիզմների ստեղծմամբ՝ ուղղված ամենից առաջ տնտեսվարող սուբյեկտների համար հարմարավետ պայմանների ստեղծմանը: Այս տեսանկյունից խոսքը գնում է նախևառաջ չափանիշների, տեխնիկական կանոնակարգերի, նորմատիվ փաստաթղթերի, հակադեմպինգային հետազոտությունների մասին, որոնք մենք անցկացնում ենք: Մենք իսկապես հասանք նրան, որ մեզ ճանաչեցին որպես սուբյեկտ, և եղավ Եվրոպական միության քաղաքական հայտարարություն՝ մեզ հետ տեխնիկական երկխոսություն սկսելու վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն կա: Դա թույլ է տալիս մեզ տեխնիկական մակարդակով՝ մեր նախարարների, վարչությունների ղեկավարների մակարդակով աշխատել Եվրոպական հանձնաժողովի հետ հենց այն հարցերի շուրջ, որոնց մասին ձեզ ասեցի: Դա պայմանավորված է նրանով, որ մեզ հայտարարություններով են դիմում եվրոպական բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում Եվրասիական տնտեսական միության տարածքում, և շահերը հաշվի չեն առնվում հենց այդ երկխոսության բացակայության պատճառով: Մեր եվրոպացի գործընկերները նշում են, որ իրենք հետաքրքված են այդ երկխոսությամբ, բայց որոշակի քաղաքական հարցերի պատճառով լայնամասշտաբ երկխոսություն դեռ չկա: Բայց կարող եմ պնդել, որ ինչքան Եվրասիական տնտեսական միությունը ամրապնդվի, Եվրոպական միության հետ երկխոսությունը նույնպես կամրապնդվի: Շնորհակալություն:

Նմանատիպ նյութեր