211652_close_icon
views-count2370 դիտում article-date 23:16 07-05-2019

Կատարի էմիրն իր գոհունակությունն է հայտնել Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնման կապակցությամբ

Մայիսի 5-ին Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին (Tamim ben Hamad Al Thani)։ Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Կատարի էմիրն իր գոհունակությունը հայտնեց Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ առաջիկայում իրենք նույնպես կանդրադառնան Երևանում Կատարի դեսպանության հիմնադրման խնդրին։ Շնորհավորելով դեսպան Ղարիբջանյանին և հաջողություն մաղթելով նրան արդեն որպես ռեզիդենտ դեսպանի՝ էմիր Ալ Թանին հույս հայտնեց, որ Կատարի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան և առաջընթաց կգրանցեն։ Դեսպան Ղարիբջանյանը շնորհակալություն հայտնեց էմիրին և վստահեցրեց, որ կշարունակի ներդնել իր առավելագույն ջանքերը ՀՀ-Կատար երկկողմ հարաբերությունների առավել խորացման և համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ: ՀՀ դեսպանը Կատարի էմիրին փոխանցեց ՀՀ նախագահի ջերմ ողջույնները՝ մաղթելով Կատարի ժողովրդին հետագա առաջընթաց և բարեկեցություն։ Իր հերթին էմիր Թամիմ Ալ Թանին խնդրեց իր ջերմ ողջույնները հաղորդել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ընդգծելով իրենց անձնական և գործնական սերտ հարաբերությունները։ Նախորդ օրը՝ մայիսի 4-ին, Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի պետնախարար Սուլտան բին Սաադ Ալ-Մուրեյխիին (Sultan Bin Saad Al-Muraikh)։ Պետնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում և լիակատար աջակցություն հայտնեց երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում սերտ համագործակցության և երկկողմ հարաբերությունների խթանման գործում։

Նմանատիպ նյութեր