Եվրոպայի Լիգա. «Արսենալը» դուրս եկավ եզրափակիչ և կմեկնի Բաքու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» Իսպանիայում հաղթեց «Վալենսիային»` 4:2:
Մարդ բան չի հասկանում Էմերիի թիմից. Անգլիայի առաջնությունում պարտվում են ում պատահի, բացարձակապես անզոր տեսք ունեն, իսկ ահա Եվրոպայի լիգայում զարմանալիորեն հեշտությամբ են հաղթում մրցակիցներին:
Ահա և «Վալենսիայի» դեպքում. Լոնդոնում 3:1 հաշվով հաղթելուց հետո թվում էր, թե տանը իսպանական թիմը ճակատամարտ կտա, սակայն առավելագույնը, ինչ կարողացան անել, բացել հաշիվը: Բայց դրանից հետո «Արսենալը» հավաքվեց և արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփեց:
2-րդ խաղակեսում պատկերը չփոխվեց. «Վալենսիան» գրոհում էր, իսկ «Արսենալը» սուր հակագրոհներով գրավում դարպասը: Տարերքի մեջ էր մտել գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Եվս մեկ գնդակ իր հաշվին գրանցեց Ալեքսանդր Լյակազետը: «Վալենսիայի» կազմում երկու գոլն էլ խփեց Կևին Գամեյրոն:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին, և հենց նրա փոխանցումից հետո խաղի վերջին րոպեին Օբամեյանգը թիմի չորրորդ գնդակը խփեց:
Այսպիսով, «Արսենալը» դուրս եկավ եզրափակիչ, իսկ քանի որ այն կայանալու է Բաքվում, հիմա էլ պետք է սպասենք, թե ինչպես է լուծվելու այնտեղ Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցը: ՈւԵՖԱ-ն խոստացել է, որ խնդիր չի լինելու, հայ ֆուտբոլիստի համար խոչընդոտներ չեն լինի, բայց պետք է սպասել Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը:
Նշենք, որ «Արսենալի» մրցակիցը կդառնա «Չելսի»-«Այնտրահտ» զույգի հաղթողը, իսկ այստեղ թեժ խաղ է ընթանում առայժմ և լրացուցիչ ժամանակ է մրցամարտը տեղափոխվել՝ 1:1, 1:1: