3492 դիտում
19:28 11-05-2019
Զոհրաբ Մնացականյան. Սպառնալիքի լեզվով Հայաստանի և Արցախի հետ խոսելը որևէ արդյունքի չի բերելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարց. Պարոն նախարար, բարև Ձեզ:
Նախարար. Բարի երեկո:
Հարց. Շատ շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար և շնորհավորում եմ Ձեզ եռատոնի կապակցությամբ:
Նախարար. Բոլորիս շնորհավոր:
Հարց. Առաջարկում եմ զրույցը սկսենք հենց Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցերից և խոսենք այն թեզի մասին, որ Հայաստանի ժողովուրդը պետք է թելադրի, թե ինչ բանակցենք, և դեռևս մինչ այսօր հստակ չի սահմանել, թե ինչպես է պատկերացնում հակամարտության կարգավորումը, որպեսզի իշխանությունները կարողանան դրա հիման վրա բանակցել: Կարծես Արցախյան շարժումը, պատերազմը, Արցախի անկախության հռչակումը տվել էին այդ հարցի պատասխանը: Ի՞նչն է այսօր պակասում և ի՞նչը չի բավարարում բանակցությունների համար:
Նախարար. Երբ մենք խոսում ենք ժողովրդի կամքի մասին և ժողովրդի որոշիչ ձայնի մասին` լինի դա Հայաստանում, լինի դա Արցախում, խոսքը վերաբերում է շատ պարզ ժողովրդավարական մեխանիզմների: Մենք ունենք ժողովուրդ, որն ընտրել է իշխանություններին, տվել է մանդատ, որի հիման վրա իշխանությունները ներգրավված են, վերցնում են այդ գործառույթը իրականացնելու պատասխանատվություն` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասով: Դա արտահայտված է կառավարության ծրագրի մեջ, և այդ ծրագիրը ստացել է հավանություն ժողովրդի կողմից մանդատ ստացած Ազգային ժողովում, և դրա հիման վրա իշխանությունը, կառավարությունը իրականացնում է այդ գործառույթը: Սա պարզ ժողովրդավարական համակարգի գործիքների կիրառում է:
Հարց. Այսինքն, այս պահին ժողովուրդն ասե՞լ է՝ ինչ բանակցել:
Նախարար. Երբ ենթադրում և ինձ նման հարցեր են տալիս, թե` արդյոք հիմա ժողովուրդը պետք է նստի և բանակցի, դա ուղղակի ամբողջ գործընթացի տրիվիալիզացում է: Խոսքը գնում է այն մասին, որ գոյություն ունի ժողովրդավարական համակարգ, որը գործում է ըստ ժողովրդավարական կանոնների: Եվ այսօր հարցը դրանում է, որ կառավարությունը ներգրավվել է գործընթացի մեջ, և գիտեք որքան զգայուն գործընթաց է, որքան ծանր գործընթաց է, արդեն քանի տարի շարունակվող գործընթաց է, որը դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: Այս տարիների ընթացքում ձևավորվել են բազմաթիվ գաղափարներ, պարամետրեր, մտքեր մոտեցումներ, որոնք արտահայտվել են տարբեր ձևերով, բայց դեռևս չի եկել այդ պահը, որտեղ կարող ենք ասել, որ հասել ենք ինչ-որ հանգուցալուծման, ինչ-որ հանգրվանի, որտեղ կարող ենք համադրել այդ պարամետրերը և ստանալ այն, ինչ կոչվում է փոխզիջում, որովհետև հաճախ նորից գալիս է հարց, թե արդյոք Հայաստանը ինչ պետք է զիջի, արդյոք Հայաստանը պետք է խոսի դրա մասին, եթե խոսքը չի գնում փոխզիջման մասին:
Հարց. Պարոն նախարար, եթե ճիշտ եմ հասկանում, այսինքն` ժողովուրդը սահմանե՞լ է սկզբունքը, թե ինչին ենք ուզում հասնել, և հիմա խնդիրը այդ փոխզիջո՞ւմը սահմանելն է: Այսինքն եթե վարչապետը ասում է՝ ինձ միանշանակ չի ասվել ես ինչ բանակցեմ, խոսքը վերաբերում է փոխզիջմա՞նը:
Նախարար. Ավելի շուտ այստեղ ինձ թվում է` բարձրաձայն մտորում է մեզ բոլորիս համար, թե որքանով ենք մենք ներգրավված լինելու: Նորից եմ կրկնում` բավական զգայուն է այն առումով, որ ունի իր կանոնները բանակցային, կա փակ գործընթաց և դա զուտ բանակցային տեխնիկա է, որովհետև նման գործառույթները, նման իրավիճակները ունեն իրենց ձևավորված կանոնները: Եվ այդ առումով յուրաքանչյուր բանակցային գործընթացի մեջ ներգրավվելով, բնական է՝ գնում է հաշվարկ, թե որքանով եմ ես կարող ապահովել այս բանակցությունների մեջ առաջընթաց, որը համապատասխանում է մեր ազգային շահին, որը համապատասխանում է նրան, որ դա կարող է ընդունելի լինել մեր հասարակության համար, որովհետև, ի վերջո, չի լինելու իրավիճակ, որ բանակցած կառավարությունը գա և փորձի պարտադրել մի բան ժողովրդին, որը չի ստանալու ժողովրդի աջակցությունը, և կառավարությունը ենթադրի, որ նման բան հնարավոր է: Նման բան հնարավոր չէ: Սա է համադրելը` որքանով դու ունես մյուս կողմը բանակցային և դու ունես քո ներքին համակարգը, այդ ամբողջ ձևաչափը, որի հիմքում դրված է ժողովուրդը: Որքանով ես դու համադրում այդ բանակցային գործընթացն այստեղ և որքանով ես դու վստահ, որ ապահովում ես այն, ինչ կարող է ընդունելի լինել մեր ժողովրդի համար: Սա շարունակական գործընթաց է: Եվ, ի դեպ, երբ խոսքը գնում է այն մասին, թե ինչպես ենք մենք ստուգում մեր դիրքորոշումները, դա նորից շարունակական գործընթաց է: Այն, ինչ մենք հիմա անում ենք, այս գործընթացի մի մաս է. տարբեր մեկնաբանություններ, հայտարարություններ, երկխոսություն, շփումներ, հարցազրույցներ և այլն: Դա իր ամբողջության մեջ այդ գործընթացն է, երբ դու ստուգում ես՝ որտեղ են քո պարամետրերը:
Երբ մենք առաջ բերեցինք և արտահայտեցինք այն մոտեցումները, որոնք մեր գնահատմամբ արտահայտում են այն, ինչն առաջնային է Հայաստանի համար և Արցախի համար` այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, այն, ինչը վերաբերում է ստատուսին, այն, ինչ վերաբերում է բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, այն, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի պահպանմանը, այն, ինչ վերաբերում է Արցախի որոշիչ ձայնին այս գործընթացում, այն, ինչ վերաբերում է ռիսկերի նվազեցմանը, այն, ինչ վերաբերում է խաղաղությանը նպաստող միջավայրին, առնվազն գոնե այս տարվա ընթացքում այս պարամետրերի մշտական գնահատման գործընթացի մեջ ենք` բանակցելով այնտեղ և խոսելով մեր հասարակության հետ:
Հարց. Պարոն նախարար, պարզաբանեցիք հարցի մի կողմը, այսինքն` երբ վարչապետը մայիսի 8-ի ասուլիսի ժամանակ ասաց, թե` երբ որ ես ունենամ այնպիսի տարբերակ, որ համարեմ ընդունելի է, կգամ, կհայտարարեմ և կստանամ ժողովրդի պատասխանը, այս հայտարարությունը երկու հարցի տեղիք տվեց: Այսինքն` ինչպես է վարչապետը պատրաստվում հասկանալ, թե արդյոք համաձայն է ժողովուրդը, թե ոչ, այս մասով կարծեք որոշ չափով պատասխանեցիք, որ բոլոր այս քննարկումները օգնում են իշխանություններին հասկանալ որոշ չափով իրավիճակը:
Նախարար. Ազգային ժողովի դերը, ի դեպ, չափազանց կարևոր է:
Հարց. Կուզեի երկրորդ մասին անդրադառնանք. Վարչապետի խոսքում նշվում էր, որ` ես կգամ, կհարցնեմ թե արդյոք սրա շրջանակներում կարող եմ բանակցել: Կուզեի պարզաբանեիք, թե ինչն է համաձայնեցվելու ժողովրդի հետ. փաստաթո՞ւղթ, որը բանակցված, համաձայնեցված է, և վերջնական համաձայնության պետք է դրվի, թե՞ բանակցային փաթեթ, որը դեռ պետք է բանակցվի:
Նախարար. Գիտեք, ես չեմ կարծում, որ մենք շահում ենք, եթե ավելի պարզունակ ենք դարձնում վարչապետի ասածը, որովհետև այն վերաբերում է ավելի պատկերավոր ձևակերպմանը, թե ինչ գործընթացի մեջ ենք, որը ես փորձեցի Ձեզ հետ միասին գնահատել և վերլուծել:
Ինչ վերաբերում է փաստաթղթին, մենք այն փուլում չենք, որ բանակցենք կոնկրետ փաստաթուղթ: Նորից եմ ասում, սա մեր գործընթացն է, մենք մեր պատասխանատվությունը վերցրել ենք, բայց շատ հստակ գիտակցում ենք, որ այս տարիների ընթացքում եղել է գործընթաց, բավական մեծ ներդրում` գնահատելու պարամետրերը և համադրելու այդ մոտեցումները, փորձելու գտնել այն ճանապարհը, որը կարող է բոլոր կողմերին տանել դեպի հանգուցալուծում: Մեզ, որպես նոր իշխանության, բնականաբար, անհրաժեշտ էր, առաջին հերթին սկսել աշխատանքը, ծանոթանալ գործընթացին, ի դեպ` ստեղծել միջավայր, որ նոր իշխանությունը կարող է, ունակ է ներգրավվել, ողջամիտ աշխատել, հստակ հասկանում է իր շահերը և իր գերակա խնդիրները այս գործընթացի մեջ: Եվ մենք բավական ներդրում ունեցանք այն գործում, որ վերաբերում է ռիսկերի նվազեցմանը, որոշ միջավայրի ձևավորմանը: Եվ այնպես չէ, որ ես ասում եմ և ենթադրում եմ, որ ամենը բավարար մակարդակի մեջ է:
Հարց. Կպարզաբանե՞ք ինչ ռիսկերի նվազեցման մասին է խոսքը:
Նախարար. Էսկալացիայի ռիսկերի նվազեցման:
Հարց. Պարոն նախարար, բանակցային գործընթացին կանդրադառնանք, մինչ այդ մեկ այլ հարցադրման եմ ուզում անդրադառնանք: Երբ որ վարչապետի կողմից, գործող իշխանությունների կողմից շեշտվում է, որ նորամուծություններից մեկը, որ մենք արել ենք, դա այն է, որ մենք հայտարարում ենք, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ի՞նչ մեխանիզմով ենք պատկերացնում այդ ընդունելիությունը հասկանալը, այսինքն` ինչպե՞ս է լինելու, որ մենք համոզվենք, որ ժողովուրդների համար ընդունելի է:
Նախարար. Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի ժողովուրդներին, նորից կրկնեմ` մեր հասարակության մեջ, ժողովրդավարական այս համակարգի մեջ մենք ունենք մեր մեխանիզմները՝ հանրային քննարկումների տարբեր ձևաչափեր, տարբեր մեթոդներ: Վստահ եմ, որ իրենց մոդելի մեջ նրանք նույնպես…
Հարց. Այնքան ժողովրդավար են, որ ունենալու են քննարկումնե՞ր:
Նախարար. Ես չեմ ցանկանում մեկնաբանել, բնականաբար, բայց, ինչպիսին էլ, որ կա, իրենց մոդելի շրջանակներում վստահ եմ իրենք էլ պատկերացնում են, թե ինչպես են իրենք…
Հարց. Իսկ այս մոտեցումով որոշակի ռիսկ չե՞ք տեսնում, որ կարող է շահարկվել դեպի հանրաքվե, այդ թվում` Ադրբեջանի տարածքում հանրաքվեի ուղղությամբ տանելու գործընթացը։
Նախարար. Գիտեք, այս հայտարարության կարևորագույն մաս կամ կիզակետն այն էր, որ մեր կողմից մենք ի ցույց բերեցինք կարողությունը, ինքնավստահությունը, ի դեպ, ինքնավստահություն՝ ձևավորելու բառապաշար, ձևավորելու լեզու, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել ինքնավստահ, բայց ձևակերպումներով, որոնք անդրադառնում են այդ հռետորաբանության նվազեցմանը։ Հիշում եք, երբ վարչապետը իր հայտարարություններից, իր ելույթներից մեկում անդրադարձել էր այդ հարցին, որ մեր խնդիրը լեզվակռիվը չէ։
Հարց. Բայց փոխվե՞լ է արդյոք այսօր Ադրբեջանի հռետորաբանությունը։
Նախարար. Սա շատ էական հարց է, որովհետև սա մեզ համար առօրյա գնահատման խնդիր է։
Հարց. Երեկ եղավ հայտարարությունն այն մասին, որ վերնախավի այցելությունն Արցախ սադրանք էր, և Հայաստանն է կրելու հետագա հնարավոր զարգացումների համար պատասխանատվությունը։ Այսինքն սա ի՞նչ է՝ կրկին պատերազմի սպառնալի՞ք։
Նախարար. Գիտեք, նորից պետք է ասենք, կրկնենք, որ սպառնալիքի լեզվով Հայաստանի և Արցախի հետ խոսելը որևէ արդյունքի չի բերելու։ Որովհետև, նորից կրկնեմ, մենք վստահ ենք պաշտպանելու, պաշտպանվելու մեր կարողությունների մեջ։ Բավարար վստահ ենք այդ ամենի մեջ, և ես իմ անունից չեմ խոսում, ես վստահ եմ, որ սա մեր հասարակության, մեր ժողովրդի ինքնավստահությունն է։ Դրա համար, դա նպաստավոր չէ։
Մենք շարունակում ենք խոսել շատ ինքնավստահ։ Մենք ունենք մեր շահերը, մենք ունենք մեր մոտեցումները։ Ի վերջո այն, ինչ վերաբերվում էր երեկվա միջոցառումներին, դա մի հարց է, որը արտահայտում է պաշտպանության այդ ամենակարևոր հանգրվաններից մեկը 90-ականների սկզբին։ Եվ ինչպե՞ս մենք կարող ենք, ինչպե՞ս մենք պետք է վերաբերվենք։ Իհարկե այդպես։ Դրանից մենք ավելի ագրեսիվանու՞մ ենք: Ոչ։ Բայց մեր ինքնավստահությունը մեզ հնարավորություն տվեց շատ վստահ լինել, որ մենք շարունակելու ենք աշխատել դեպի խաղաղ կարգավորում։
Ինչ վերաբերվում է Ձեր հարցին` որքանով ենք մենք բավարարված։ Չեմ կարծում, որ մենք կարող ենք լինել որևէ դեպքում բավարարված, երբ որ հարցը մինչև վերջ լուծված չէ, երբ որ դեռևս հնարավոր չի եղել հասնել հանգուցալուծման։ Բայց սա այդ առօրյա աշխատանքի, առօրյա գնահատման բան է, որ մենք գիտենք մենք ինչ ենք ուզում։ Մենք գիտենք մենք ինչ ենք ասում, և մենք համբերատար շարժվում ենք այդ ուղղությամբ։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել այդ միջավայրը: Ինչո՞ւ: Որովհետև ես վստահ եմ, որ դա շատ բնական միջավայր, երևույթ չէ, երբ որ դու ունես լեզվակռիվ, հռետորաբանություն, ատելության քարոզ և այդ ամենի միջև փորձում ես գտնել հանգուցալուծում։ Սա բնական իրավիճակ չէ: Կան բազմաթիվ հակամարտություններ, որտեղ, իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակն այնպես է, որ մենք բավական մեծ գործ ունենք անելու, որովհետև ունենք իրավիճակ, երբ որ այս տարիների ընթացքում այնքան ներդրում է արվել այդ ատելության մեջ մյուս կողմից, որ այդ ամենը դուրս հանելը շատ բարդ գործընթաց է։
Հարց. Բայց դինամիկա տեսնու՞մ ենք արդյոք, ցանկություն տեսնու՞մ ենք Ադրբեջանի մոտ` դուրս բերելու։
Նախարար. Աշխատում ենք։ Ցանկությունը, այսպես ասենք, անգլերեն ասում են` «the benefit of the doubt»: Հուսով ենք։
Հարց. Պարոն նախարար, անդրադառնանք բանակցային գործընթացին։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ քննարկումների, ծանոթացումների, բանակցություն չկոչվող հանդիպումների փուլն ավարտել ենք և հիմա պաշտոնապես բանակցում ենք։
Նախարար. Նորից, գիտեք, շատ զգայուն բան է։ Ձևակերպումները շատ յուրահատուկ են, որովհետև երբ որ մենք հանդիպում և խոսում ենք առանց թղթի, և դա մենք չենք կոչում բանակցություն, այլ կոչում ենք ուղղակի հանդիպում, այդքան էլ համաձայն չեմ դրա հետ : Սա նույնպես բանակցություն է այն առումով, որ մենք ներգրավված ենք` հստակեցնելու, ճշտելու այն դիրքերը, որի շուրջ մենք կարող ենք ուրվագծել, տեսնել, թե որ հաջորդ քայլն է հնարավոր անել։ Սա նույնպես բանակցություն է, սա այդ գործընթացն է, որն իր մեջ ունի տարբեր ձևաչափեր, տարբեր ձևեր, տարբեր գործիքներ` օգտագործելու, առաջ շարժվելու համար։
Հարց. Մենք առանց թղթի բանակցում ենք, ինչ-որ հստակ առաջարկների շուրջ, թե՞ պարզապես հնարավորությունների շուրջ։
Նախարար. Ինձ թվում է, որ այս փուլում շատ էական էր ձևավորել, հստակեցնել, հասանելի դարձնել և պարզեցնել մեր այս նոր իշխանության, մոտեցումները, որոնք վերաբերվում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանը ։ Եվ այստեղ, այո, խոսքը գնաց նրա մասին, որ Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունեն որոշիչ ձայն այս գործընթացի մեջ: Հիմա մենք դեռևս դրան չենք հասել։ Բայց, բնականաբար, եղել է քսան տարվա ձևավորված ձևաչափ, ավանդույթ, և մենք բերում ենք մի նոր տարր, որի համար անհրաժեշտ է համբերատարություն, որովհետև այն, ինչ որ մենք ասում ենք, մենք վստահաբար գիտակցում ենք, որ սա շատ տրամաբանական հարց է, որը վերաբերում է բանակցային գործընթացի արդյունավետությանը։ Ոչ թե քմահաճույք է, ոչ թե մի այլ ինչ-որ գործառույթ, որն իր մեջ պարունակում է, այսպես ասված, այլ թաքնված նպատակներ։ Սա բանակցային գործընթացի արդյունավետությունն ապահովելու հարց է։ Եվ մենք սա շարունակելու ենք: Գիտեք, դեռևս չեն ընդունել դա։ Գիտեք, մենք արդեն այն իրավիճակում ենք, որ համանախագահները ընդունել են, որ ինչպես որ կողմերը կպայմանավորվեն, այդպես էլ հնարավոր է շարժվել առաջ։ Բայց Ադրբեջանի համար դեռևս այդ փուլում չենք, որ մենք ասենք, որ եկել ենք, այդ հանգրվանին հասել ենք։ Դրանով հարցը փակվե՞ց։ Ոչ։
Հարց: Անշուշտ այս հարցը շատ կարևոր է և, կարելի է ասել, որ միշտ է եղել օրակարգում: Այսինքն` այնպես չէ, որ Արցախը լիարժեք բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակը նախկինում չի հետապնդվել, ուղղակի այսօր ավելի շատ շեշտադրում է արվում դրա վրա:
Նախարար. Կարելի է այսպես ձևակերպել՝ ձևաչափի վերականգնում:
Հարց: Սրա հետ կապված մեկ այլ հարց. մեր կողմից հայտարարվում է, որ սա մենք մտցրել ենք օրակարգ, այդ թվում` Վիեննայում տեղի ունեցած ղեկավարների հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել է: Սակայն այդ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը պնդեց, որ մենք ուրախ ենք արձանագրել, որ այդ հարցն այլևս արդիական չէ, ձևաչափը չի փոխվում: Սակայն կար պայմանավորվածություն, որ մենք դուրս չենք գալիս բանակցություններից և փորձում հայտարարել, թե` մենք հաղթողն ենք, դիմացինը` պարտվողը, մենք ունենք կառուցոցական երկխոսություն և այլն: Այս երկու մոտեցումներն ինչպե՞ս են իրար հետ համադրվում:
Նախարար. Հույս ունեմ, որ ի վերջո կգա այդ պահը, և մեր մյուս բանակցող կողմը, կմտնի այդ փուլը, երբ որ իրապես կփորձի խուսափել հաղթողի և պարտվողի... Մեզ համար սա ոչ հաղթողի, ոչ էլ պարտվողի հարց է: Սա, նորից եմ կրկնում, շատ ավելի զգայուն է այն առումով, որ մենք առնչվում ենք մարդկանց կյանքերի հետ: Սա շատ ավելի լուրջ է: Այսինքն` մեր պատասխանատվությունը և որ նույնն է` մեր զգայունությունը այդ հարցի շուրջ, չափազանց մեծ է և չափազանց պարտավորեցնող: Եվ հուսով եմ, որ մյուս կողմը նույնպես այդ զգացումով է առաջնորդվում` այդ խաղաղ հանգուցալուծումը իրականացնելու համար: Հիմա եթե մենք դեռևս այն փուլում ենք, որ դեռևս նման մեկնաբանություն է լինում, հարցը չփակվեց, չէ՞: Մենք համբերություն ունենք և մենք նորից այդ ամենը տեսնում ենք շատ կոնկրետ համատեքստում`՝ արդյունավետ շարժ առաջ: Մենք բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու, թե ինչու է սա արդյունավետությանը նպաստում, այո, բազմիցս ասել ենք:
Հարց: Փորձենք մի հարցում հստակություն մտցնել. այսօրվա պարագայում հայկական կողմը պատրա՞ստ է Մադրիդյան սկզբունքները որևէ ձևակերպմամբ որպես բանակցային հիմք ընդունել, թե ոչ:
Նախարար. Դուք հիշում եք վարչապետի պատասխանն այդ առումով և վարչապետի կողմից ձևակերպված այդ մոտեցումը, որն արտահայտվեց Ստեփանակերտում Անվտանգության խորհրդների համատեղ նիստի ժամանակ: Հարցը այստեղ գիտե՞ք ինչպես է, այդ սկզբունքները կամ այդ շրջանակը, որը այսպես կամ այնպես է կոչվում, համանախագահների կողմից ձևավորված այդ շրջանակն իր մեջ պարունակում է որոշ սկզբունքներ, որոնց մեջ կան որոշ անորոշություններ: Մենք կարող ենք պարզաբանել այդ անորոշություններն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Իրենք փորձում են պարզաբանել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Բայց սկզբունքորեն խոսքը վերաբերում է նրան, որ այդ անորոշությունից դուրս գալու կարողություններն այսօր այդ տեստավորման մաս են:
Հարց. Իսկ որքա՞ն կարող է տևել այդ գործընթացը:
Նախարար. Գիտեք, մի քիչ ավելի այսպես գործնական կամ որևէ այլ բանի մեջ չէ, պատասխանը շատ ավելի ծանր է, որովհետև մենք շուտով կլինի 28 տարի է, ինչ պետք է նշենք Հայաստանի Անկախության օրը, և այս հարցը դեռևս իր հանգուցալուծումը չի գտել, և մեր զգայունությունը այդ ռիսկի հանդեպ բավական բարձր է: Նորից եմ կրկնում` ուղղակի պետք է գիտակցել, երբ դու Ստեփանակերտում ես, քայլում ես նրա փողոցներում և շփվում ես մեր հայրենակիցների հետ, մարդկանց հետ, որոնք ապրում են իրենց առօրյա կյանքով, ինչպես որ յուրաքանչյուր մարդ ցանկացած տեղ այս աշխարհում, իրենց հոգսերը, իրենց կյանքը, իրենց բարեկեցությունը, այդ ամենը միասին վերցրած` իրենց կյանքն է, ինչպես յուրաքանչյուր տեղ, լինի Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Փարիզում, միակ տարբերությունն այն է, որ գիտակցում ես՝ 15 կմ այն կողմ ունես շփման գիծ և դու ունես իրավիճակ, երբ որ 90-ականներին մենք ուղղակի ունեինք վատագույն ռիսկերը մեր հայրենակիցների ուղղակի ֆիզիկական կյանքի առումով: Սա է գիտակցումը, թե ինչ է նշանակում այդ ռիսկը: Եվ պատասխանը Ձեր հարցին` ոչ թե արագ կամ կարճ, այլ պատասխանն այն է, որ հասկանալով, թե որն է մեր մոտեցման կիզակետը. դա անվտանգություն է, դա կոնկրետ մարդու, իր անունով, իր ազգանունով, կոնկրետ մարդու ֆիզիկական անվտանգությունն է, ապահովելու այդ անվտանգությունը և դրանից բխող կարգավիճակի խնդիրը մեզ համար գերակա խնդիրներ են: Որքանով մենք կկարողանանք շարժվել առաջ, դա փորձաքար է մեր բոլորիս առջև:
Հարց․ Մայիսի 12-ին լրանում է հրադադարի համաձայնագրի կնքման 25-ամյակը, սակայն գիտենք, որ այս ամբողջ ժամանակահատվածում հնչել են կրակոցներ, ունեցել ենք, ցավոք, զոհեր, վիրավորներ, և վերջին շաբաթվա ընթացքում կարծեք Դուշամբեի պայմանավորվածություններից հետո կրկին ակտիվացում նկատվեց, նույնիսկ վիրավորներ ունեցանք։ Նշանակու՞մ է արդյոք, որ Ադրբեջանը հրաժարվում է Դուշամբեի պայմանավորվածություններից, կամ նրա քաղաքականության մեջ ինչ-որ բան է փոխվում։
Նախարար. Ի դեպ, 1994թ․ զինադադարի պայմանագիրը շատ յուրահատուկ է իր արժեքով: Եվ վստահ եմ նկատել եք, որ եղավ համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որն արտահայտեց, այն ինչը մենք միշտ ընդգծում ենք․ սա այն միակ փաստաթուղթն է, որը ի վերջո հնարավոր է եղել, զինադադարը խախտվել է, բայց զինադադարն ապահովող միակ փաստաթուղթն այդ փաստաթուղթն է, և ինքը արժեք ունի, քանի որ բոլոր կողմերի փաստաթուղթն է։ Սա նորից ցույց է տալիս արդյունավետությունը, երբ որ բոլոր կողմերը ունեն իրենց դերակատարության այդ շրջանակը։ Ինչ վերաբերում է խախտումներին, այո, մենք ունեցել ենք շատ խախտումներ, և այդ գագաթնակետը ի վերջո եղել է 2016թ․ ապրիլին։
Հարց․ Սակայն Դուշամբեի պայմանավորվածությունը ինչ-որ հույս էր տվել:
Նախարար․ Գիտեք դա չի ավարտվել, եթե մենք պնդենք, որ այժմ ունենք մի վիճակ, որն ամրագրել է ամեն ինչ, ի վերջո հանգուցալուծումը դեռ չի հասել: Իհարկե, ամենը ունի իր ռիսկերը, և իհարկե, մենք շարունակելու ենք փորձել ապահովելու այդ ռիսկերի նվազեցման գործառույթները միասին ապահովել։ Այն, ինչ որ տեղի ունեցավ այս վերջին օրերին, մտահոգիչ զարգացում էր: Ի դեպ, աշխատեց նաև փոխադարձ կապը, գործընթացի որոշ հսկողություն եղավ, մտահոգությունը մեզ համար, իհարկե, բավականին մեծ է և բնականաբար, սա այն օրակարգային հարցն է, որ շարունակելու ենք հետապնդել։
Հարց․ Օպերատիվ կապը, որի մասին խոսեցիք, Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հայտարարեց, որ այն գործում է, սակայն կողմերը ունեն փոխադարձ մեղադրանքներ, և Ադրբեջանը, նույնպես, միանշանակ չի ընկալում իրավիճակը, իր հերթին մեղադրանքներ ունի: Սա չի ապացուցո՞ւմ արդյոք, որ Ադրբեջանի նման երկրի հետ աշխատելու պարագայում բանավոր պայմանավորվածությունները կամ բանավոր այդ երկխոսությունը իրականում այդքան էլ արդյունավետ չեն, և կան անհրաժեշտ հստակ միջազգային մեխանիզմներ, և այսօր էլ շարունակում է արդիական մնալ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններով մեխանիզմների ներդնումը։
Նախարար. Ի դեպ, Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի, Ժնևի դրույթները, ի վերջո եթե տեսնենք, ինչպես որ սպասվում էր, չեն իրականացվում, բայց մեր կողմից մենք ունենք մեր մեթոդը, կարողությունը` իրականացնելու այդ վերահսկման գործառույթը՝ ինչպես է խախտվել և երբ է խախտվել հրադադարը։ Եվ ես նորից պետք է կրկնեմ` Վիեննան, Սանկտ-Պետերբուրգը երբեք դուրս չեն եկել մեր օրակարգից, դրանք կան: ենք ոչ թե Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի մասին ենք խոսում, այլ` այն ձևաչափերի մասին, որոնք պարունակվում են այդ փաստաթղթերի մեջ։
Հարց․ Այսինքն` այդ մեխանիզմների ներդրման նպատակը մենք հետապնդելու՞ ենք։
Զոհրաբ Մնացականյան․ Սա շարունակական է: Դուք հարցնում եք` արդյոք հնարավոր է Ադրբեջանի հետ: Եթե այդ տրամաբանությամբ մենք մտածենք, եթե հնարավոր չէ, արդյո՞ք մենք հետ ենք կանգնում: Ոչ։ Մենք շարունակելու ենք աշխատել այս հարցերի շուրջ։
Հարց․ Այսինքն, եթե ճիշտ եմ հասկանում, սկսել ենք բանավոր պայմանավորվածությունից և ձգտելու ենք որոշակի մեխանիզմների ամրապնդման։
Նախարար․ Ցանկացած ձևաչափ, ցանկացած ձև, որը մեզ հնարավորություն է տալիս ամրապնդելու Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը, մենք կյանքի ենք կոչելու, ցանկացած ձևաչափ, որը հնարավոր է իրականացնել՝ գրավոր, բանավոր, այնպես, որ մենք կարողանանք ապահովել: Ի վերջո, մենք գիտենք, Դուք էլ ասացիք, ունենք զինադադար, որը խախտվել է, բայց կա զինադադարը: Նույնը վերաբերում է այս ռիսկերի նվազեցմանը։ Պետք է շարունակենք ձգտել, որպեսզի ռիսկերի նվազեցման միջոցով էլ ավելի ամրապնդենք զինադադարի պայմանագրի, զինադադարի պահպանումը։
Հարց․ Այդ ձգտումը ի՞նչ մարտավարությամբ ենք կյանքի կոչելու, պարոն նախարար: Միջազգային հանրությունը, միջնորդները աջակցու՞մ են մեզ, կամ մենք ինչպե՞ս ենք աշխատում այդ իրավիճակում: Դուք հայտարարել էիք, որ շարունակելու եք աշխատանքը այդ պարտավորությունների կատարման վերահսկման ուղղությամբ: Ի՞նչ ենք անում և ի՞նչպես ենք պատկերացնում այդ գործընթացը։
Նախարար․ Սա, բնականաբար, առաջին հերթին վերաբերում է կողմերին, որոնք աշխատում են ձևավորված այդ միջնորդության շրջանակի մեջ: Եվ, բնականաբար, միջնորդության այդ ձևաչափի պահպանումը և ամրապնդումը մեզ համար եղել և մնում են չափազանց կարևոր նպատակ, որովհետև այդ ձևաչափը ի ցույց է դրել իր կարողությունը և արդյունավետությունը՝ հաշվի առնելով` ինչ երկրներ են, ինչ կարողություններ են, ինչ փորձ ունեն, ինչ ազդեցություն ունեն, ինչ կշիռ ունեն միջազգային հարաբերություններում, որքան ինստիտուցիոնալ հիշողությունը է ձևավորվել: Եվ նորից կրկնեմ` չեմ հավատում, որ կա որևէ մի պայծառ ուղեղ, որը թաքնված է ինչ-որ մի տեղ, գիտի պատասխանը և երբևէ ի հայտ չի եկել։ Բայց կողմերն աշխատում են այդ ձևաչափի շրջանակներում։
Հարց. Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, այդ թվում հումանիտար ոլորտում աշխատելու, և հետագայում Դուք ձեր ադրբեջանական կողմի գործընկերոջ հետ ապրիլի 15-ին պայմանավորվեցիք հստակ հումանիտար քայլերի մասին, այդ թվում ԶԼՄ-ների փոխայցելություններ և այլն: Կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ Արցախը լիարժեք ներգրավված է լինելու, և Արցախ նույնպես այցելելու են լրագրողները, արցախցի լրագրողներն են այցելելու, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ դա միակ արդյունավետ ճանապարհն է:
Նախարար. Մեր տրամաբանությունն էլ է դա հուշում:
Հարց. Այսինքն աշխատու՞մ ենք այդ ուղղությամբ:
Նախարար. Այո:
Հարց. Շատ լավ, այդ համատեքստում մի հարց ևս: Որոշակի մտահոգություն առաջացրեց ռուսական կողմի վերջին օրերին արված այն հայտարարությունը, որ այդ պայմանավորվածությունները վերաբերում են միայն Հայաստանի և Ադրբեջանի բնակչությանը: Մարիա Զախարովան հայտարարեց, որ այդ պայմանավորվածությունը պետք է վերաբերի Հայաստանի և Ադրբեջանի բնակչությանը, և բացի այդ Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ իրենց համար ընդունելի է գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Այսինքն ակնհայտ է, որ Հայաստանի մոտեցումները, դիրքորոշումներն այնքան էլ հաշվի առնված չեն Ռուսաստանի հայտարարություններում: Ինչպե՞ս ենք աշխատում այս ուղղությամբ:
Նախարար. Որքան հիշում եմ՝` հայտարարությունը վերաբերում էր գերիների փոխանակմանն Իսրայելի համատեքստում:
Հարց. Բայց ասվեց, որ ընդունելի է նաև ղարաբաղյան հակամարտության համատեքստում:
Նախարար. Մենք միշտ բոլոր հակամարտություններին վերաբերել ենք շատ հստակ, որ յուրաքանչյուր հակամարտություն գնահատվում և հանգուցալուծվում է յուրովի: Միավորել ամենը մեկ փաթեթի մեջ և փորձել գտնել միաձև մոտեցումներ, երբեք չի աշխատելու:
Հարց. Մենք այդ մեսիջները հասցնու՞մ ենք ռուսական կողմին, և ընկալելի՞ են արդյոք:
Նախարար. Հուսով եմ՝` վստահ եք, որ մենք չենք կրում դա միայն մեր մեջ և ինքներս ապրում դրանով: Բնականաբար, իհարկե, սա երկխոսություն է: Եվ ի վերջո խոսքը գնում է Ռուսաստանի մասին, որը մեր դաշնակցային գործընկերն է, որի հետ մենք ունենք աշխատելու շատ հստակ, բավական ձևավորված եղանակներ, մշտական առնչությունների, մշտական երկխոսության, աշխատանքի հսկայական ծավալ: Միմյանց հետ առիթներ ունենք, իհարկե խոսում ենք: Իսկ ինչպե՞ս են անում դաշնակից գործընկերները. խոսելով և միմյանց բացատրելով, միմյանց հետ հարցերը բարձրացնելով և փորձելով գտնել լուծումներ:
Հարց. Արցախյան թեման փակելով` անդրադառնանք վերջին հարցին, որը վերաբերում է խաղաղությանը պատրաստելուն: Շատ է շրջանառվում այդ հարցը: Այսօրվա պարագայում, երբ նույնիսկ առկա պայմանավորվածությունների պարագայում միևնույն է, հռետորաբանությունը չի նվազում, միևնույն է, խախտումներ ունենում ենք, և այդ թվում նաև վերջին օրերին Ադրբեջանում նոր «փաստեր» գտան, թե Երևանն «ադրբեջանական» տարածք է: Այսինքն` նույնիսկ այդ քարոզչությունը չի դադարում: Այդ պայմաններում որքանո՞վ է արդիական խաղաղության մասին խոսելը, և արդյո՞ք մեզ մոտ նման դիսկուրսի առկայությունը նորմալ է, եթե Ադրբեջանում չկա այդ դիսկուրսը:
Նախարար. Եթե մենք ընդունենք այդ մարտավարությունը, արդյո՞ք մեզ դրանից իրապես բավարարված ենք զգալու: Արդյո՞ք մեր ինքնավստահության զգացումը ինչ-որ տատանում ունի, եթե մենք այլ կերպ անդրադառնանք այս հարցին: Եթե իրենց մոտ կա ինքնավստահության տատանում, և դա արտահայտվում է նման հայտարարություններով, ի՞նչ ասեմ…
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
10:15 20-05-2022
Ուժի և զենքի լեզվով խոսելը տանում է փակուղի․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1294 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
856 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար