211652_close_icon
views-count1167 դիտում article-date 15:59 13-05-2019

Դեսպան Հովակիմյանը Պրահայում մասնակցեկ է Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված հանդիպում-քննարկմանը

Մայիսի 9-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանի Թավշյա հեղափոխության մեկ տարվան նվիրված հանդիպում-քննարկմանը, որտեղ Հայաստանի փորձը ներկայացնում էին Ալիք մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը և Գյումրիի համայնքի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Հանդիպմանը ակտիվ քննարկումներ ծավալվեցին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության էության և ընթացքի, ինչպես նաև երկրում ներկայումս ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ՝ առանձնահատուկ դիտարկելով հեղափոխության ընթացքում ժողովրդի կոլեկտիվ պատասխանատվության զարգացմանն ու անցումային արդարադատությանն առնչվող հարցերը։ Մասնակիցներն անդրադարձան քաղաքացիական հասարակության գործունեության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական հարթակների կարևորությանը, խոսեցին մեդիայի ազատության ու հասարակության մեդիագրագիտության բարձրացման կարևորության և այս ուղղությամբ պետական մակարդակով տարվող աշխատանքի մասին։ Արձանագրվեց հեղափոխության ընթացքում ու հետհեղափոխական բարեփոխումներում կանանց ակտիվ ներգրավվածությունը։ Մայիսի 8-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում անցկացվել էր Հայաստանից ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր