211652_close_icon
views-count1039 դիտում article-date 09:25 30-05-2019

«Օքսֆորդ Անալիտիկսը» ՀՀ-ի համար արձանագրել է քաղաքական ռիսկայնության բարձր մակարդակ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։ Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակում ավելի քան 160 երկրների համար հրապարակում է քաղաքական ռիսկի ազդեցության գնահատականներ և, այսպես կոչված, VAPOR-Value at Political Risk վարկանիշներ։ Վերջինս յուրահատուկ վերլուծական հրապարակում է, որը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին և ներդրողներին գնահատել իրական արժեքի առումով քաղաքական ռիսկի ազդեցության չափը՝ ինչպես յուրաքանչյուր երկրի տնտեսության և ոլորտների զարգացման վրա, այնպես էլ՝ այդ քաղաքական ռիսկերի ազդեցության հնարավոր ֆինանսական չափը։ Վարկանիշի հաշվարկման հիմքում ընկած են նաև քաղաքական ռիսկով պայմանավորված ակնկալվող հնարավոր ֆինանսական կորուստների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը։ Յուրաքանչյուր վարկանիշ ներառում է ակնկալվող վնասները հինգ ռիսկերի նկատմամբ տնտեսության 14 ոլորտներում: Գնահատականները նախատեսված են կանխատեսելու, թե որտե՞ղ ի հայտ կգա անսպասելի քաղաքական ազդեցություն, և որտե՞ղ առկա գլխավոր վտանգը կարող է ճնշել հնարավորությունները ներդրող կազմակերպությունների համար։ Ռեյտինգներից յուրաքանչյուրի համար, փաստացի գնահատականից զատ, տրվում է նաև կանխատեսում, որը կարող է լինել դրական կամ բացասական, և, համապատասխանաբար հաջորդ ժամանակահատվածի համար կանխատեսում է դրական կամ բացասական զարգացումներ։ Մեթոդաբանական առումով այս վարկանիշը բաղկացած է 4 հիմնական մակարդակներից՝ AR, որն իր բովանդակությամբ հանդիսանում է ցածր ռիսկային վարկանիշ, և այս վարկանիշը շնորհվում է այն երկրներին, որտեղ քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է ցածր։ Վերջին հրապարակման արդյունքներով՝ այս վարկանիշին են արժանացել ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան և Եվրոպական միության անդամ մի շարք երկրներ։ BR կամ միջին ռիսկայնության վարկանիշին արժանանում են այն երկրները, որտեղ քաղաքական ռիսկի ազդեցությունը գնհատվում է միջին, իսկ դրա ազդեցությամբ պայմանավորված հնարավոր կորուստները գնահատվում են ցածր։ Այս վարկանիշին են արժանացել Ռուսաստանը, Չինաստանը, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և այլն։ CR կամ բարձր ռիսկային վարկանիշ ստացած պետություններում քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է բարձր, այդ երկրները ստանում են ոչ ներդրումային կարգավիճակ, և այստեղ քաղաքական ռիսկերով պայմանավորված կորուստները գնահատվում են բարձր։ Այս վարկանիշին են արժանացել Հայաստանը, Սիրիան, Իրանը, Պակիստանը, Աֆղանստանը, Աֆրիկյան մի շարք երկրներ, Ուկրաինան և այլն։ Եվ վերջին՝ F վարկանիշային խմբում հանգրվանում են այն երկրները, որոնց քաղաքական ռիսկը գնահատվում է՝ որպես անկառավարելի։ Սա ռիսկայնության առավել բարձր մակարդակն է և լի է անկանխատեսելիությամբ, հետևաբար՝ այս խմբի երկրների համար ազդեցության որևէ գնահատում հնարավոր չէ իրականացնել։ Այսպիսով, համաձայն հրապարակված վարկանիշավորման, Հայաստանի Հանրապետության համար քաղաքական ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր