Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպել են Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարին
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցության ղեկավար) և Էրիկ Հարությունյանը հունիսի 6-ից գտնվում են Հարավային Օսիայի Հանրապետությունում:
Պատգամավորները հունիսի 9-ին Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու:
Այցի շրջանակում, հունիսի 7-ին, ԱԺ խորհրդարանականներին և ԱՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևը:
Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրերին և ընդգծել խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորրդների դերը՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և Հարավային Օսիայի հետագա զարգացման համատեքստում:
Պատվիրակության անդամները ևս հույս են հայտնել, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով և միջազգային պահանջներին համապատասխան:
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: