Արդարադատության նորանշանակ նախարարը Գարիկ Սարգսյանի փաստաբանն է եղել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը, որը մինչև այժմ զբաղեցնում էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Նրա կենսագրական տվյալները, ըստ էության, սակավ են, և դա նաև բնական է՝ հաշվի առնելով, որ նորանշանակ նախարարը 28 տարեկան է:
Ըստ այդմ, նա իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս է և 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր: Սակայն Ռուստամ Բադասյանը, ըստ էության, նորեկ չէ նոր իշխանությունների թիմում, և երեկ իշխանության ներկայացուցիչները սոցիալական ցանցերում շատ բուռն էին ընդունել նրա նշանակման փաստը և մեծ հույսեր էին կապում նրա հետ, այնինչ ընդդիմադիրները նրան ամենևին էլ չէին ճանաչում:
Ռուստամ Բադասյանի անունը հանրության շրջանում հայտնվեց 2017 թվականին, երբ նա Նոր Կյանքի նախկին գյուղապետ Գարիկ Սարգսյանի փաստաբանն էր: Ինչպես հայտնի է, այն ժամանակ Գարիկ Սարգսյանը դատական գործընթաց էր սկսել՝ ընդդեմ համայնքի ավագանու նախկին որոշումների, և այժմ արդեն նորանշանակ նախարարը պաշտպանում էր նրա շահերը:
Իսկ արդեն թավշյա հեղափոխությունից հետո Բադասյանը նախագահի տեղակալի պաշտոն ստացավ ՊԵԿ-ում, հիմա էլ՝ արդարադատության նախարարի կարևոր պաշտոնը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]