211652_close_icon
views-count2195 դիտում article-date 11:35 02-07-2019

«Լեն օրերի» բարեկամությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65-ամյակն էր: Միանում եմ շնորհավորանքներին, որովհետև կարծում եմ՝ ցանկացած մարդ արժանի է մարդկային վերաբերմունքի: Չեմ միանում հայհոյանքներին և անեծքներին, որովհետև վստահ եմ՝ ցանկացած անեծք ու հայհոյանք, ում էլ ուղղված լինի, բացասական լիցք է, որն ուղարկվում է տիեզերք, վերադառնում և հարվածում է բոլոր մարդկանց, առաջին հերթին՝ այդ ազդակն ուղարկողին: (Ի դեպ, ժողովրդավար երկրների համար հարիր չեմ համարում նաև ներկա կամ նախկին ղեկավարներին ձոներ նվիրելը՝ դրանից առնվազն բրեժնևյան լճացման հոտ է գալիս): Բայց այս օրերին նկատել եմ մի հետաքրքիր երևույթ: Բազմաթիվ մարդիկ, հիմնականում ՀՀԿ վերնախավից, իրենց բարեմաղթանքներն ուղղելուց ներկայանում էին որպես Սերժ Սարգսյանի բարեկամներ: Այ, այստեղ թույլ տվեք չհամաձայնել: Արդյոք այդ մարդկանցից որևէ մեկը անցած տարվա սկզբին մոտեցե՞լ է Սերժ Սարգսյանին, ասելով՝ «Հարգարժան նախագահ, մի՛ փորձեք վարչապետ դառնալ, դա չափազանց վատ է ընկալվելու Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից և բացասական հետևանքներ է ունենալու անձամբ Ձեր, ինչպես նաև մեր քաղաքական ուժի համար»: Ով նման բան է ասել, նա իսկապես Երրորդ նախագահի բարեկամն է: Բայց ես խիստ կասկածում եմ, որ նման մարդ գոյություն ունի: Ավելի շատ հակված եմ մտածելու, որ արձագանքը հետևյալն էր՝ «Շատ իմաստուն քայլ է Ձեր կողմից, սիրելի նախագահ, ի՜նչ լավ է, որ ցանկանում եք շարունակել ղեկավարել մեր երկիրը: Բա էլ ո՞վ, եթե ոչ Դուք»: Իսկ նման ձևով արձագանքողներն ամենևին Սերժ Սարգսյանի բարեկամները չեն: Նրանք պարզապես ամեն ինչի հետ համաձայնվող ստորադասներ էին: Ինձ միշտ զարմացրել է ավանդական այն միտքը, թե իսկական բարեկամի «թեսթը» պետք է հանձնել միայն «նեղ օրերի» ժամանակ: Հակառակը՝ այդ պարագայում կարեկցելը, աջակցելը շատ ավելի հեշտ է, որովհետև սովորաբար սկզբունքայնություն ու որոշակի խիզախություն չի պահանջում: Շատ ավելի դժվար է մարդկանց աջակցել «լեն օրերի» ժամանակ՝ աջակցել ոչ թե գլուխները «տմբտմբացնելով» և բացականչելով «ինչպես միշտ, հանճարեղ էր, շեֆ ջան», այլ փորձելով հետ պահել սխալ քալերից: Իհարկե, դա պետք է անել հանդարտ, բարեկամաբար, սկանդալներ չհրահրելով, բայց առանց դրա բարեկամություն չկա: Հետաքրքիր է, ՔՊ-ում, «Իմ քայլում» և մերձակա շրջանակներում կա՞ր որևէ մեկը, որը ներկայիս վարչապետին կասեր, որ դատարանները շրջափակելը սխալ է: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր