211652_close_icon
views-count2449 դիտում article-date 16:20 06-07-2019

Ցեղասպանության թանգարանի էքսկուրսիաները կդառնան վճարովի․ Հարություն Մարության

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի այցելուների համար էքսկուրսիաները կդառնան վճարովի, իսկ մուտքը կշարունակի մնալ անվճար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: «Մեր թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ և այժմ ֆինանսավորման այլ աղբյուրներ ունենալու անհրաժեշտություն կա: Հիմնական ծախսերը ֆինանսավորում է պետությունը, սակայն դա հերիքում է աշխատավարձերն ու կոմունալ ծախսերը հոգալու համար: Ծրագրերի, ցուցահանդեսների, մեծ թվով այցելուներ ընդունելու համար մեզ պետք են մեծ թվով ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, որոնք պետք է ինքներս գտնենք»,- նշեց Մարությանը: Նրա խոսքով՝ այս կերպ ֆինանսներ ձեռք բերելն ընդունված է ամբողջ աշխարհում: «Մեզ մոտ էքսկուրսիաներն անց են կացվում հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով և մշտապես եղել են անվճար: Այժմ մուտքավճարը կշարունակի մնալ անվճար, իսկ էքսկուրսիաները մինչև 25 հոգանոց 1 խմբի համար կլինի մոտ 5000 դրամ: Հայերենով էքսկուրսիաները կլինեն մոտ 2500 դրամ»,- ընդգծեց թանգարանի տնօրենը և հավելեց, որ ուսումնասիրություն են անցկացրել Հայաստանի այլ թանգարաններում և իրենք էլ ընդունել են նույն գները: Մարությանի պնդմամբ՝ էքսկուրսիաների վճարովի դարձնելը հնարավորություն կտա տուրօպերատորներին նախօրոք ամրագրում կատարել:

Նմանատիպ նյութեր