211652_close_icon
views-count1579 դիտում article-date 20:02 09-07-2019

Իսրայելի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հուլիսի 8-ին ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան (նստավայրը Իսրայել) Էլիավ Բելոցերկովսկին (Eliav Belotsercovsky) հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում, և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հայ-իսրայելական հարաբերությունները կսերտանան և կզարգանան` արդյունավետորեն օգտագործելով առկա ներուժը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Վերջինս ընդգծեց նաև, որ արդեն իսկ երկրորդ անգամ այցելելով Հայաստան, տպավորված է Հայաստանի հինավուրց պատմությամբ և հարուստ մշակութային ժառանգությամբ: Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության ոլորտներում համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրների:

Նմանատիպ նյութեր