2349 դիտում
23:05 10-07-2019
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է 2019 թ.-ի 1-ին կիսամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:
Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 23 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 31 դեպք։
Դրանցից 11-ը ավտովթարի հետեւանքով են, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի։
2019 թ. 1-ին կիսամյակում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում ավելի քան կրկնակի անգամ նվազել են առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը եւ ինքնասպանություն որակված դեպքերը: Միևնույն ժամանակ 5-ով ավելացել են ավտովթարի հետևանքով մահացության դեպքերը:
Հատկանշական է, որ 2018 թ․-ի սեպտեմբեր ամսից հետո՝ մինչ 2019 թ․-ի մայիս ամիսը ներառյալ, ՀՀ/ԱՀ զինված ուժերում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքեր չէին արձանագրվել։ Եվ միայն 2019 թ․ հունիսին 9 ամսվա ընթացքում առաջին անգամ արձանագրվեց հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 2 զինծառայողի մահվան դեպք։ 2018 թ․-ի 1-ին կիսամյակի նույն տվյալի հետ համեմատելիս նկատում ենք, որ այս տարի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը նվազել են ավելի քան կրկնակի անգամ։ Սպանության դեպքերի թիվը մնացել է նույնը:
Մահացության 23 դեպքերից 15-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 7-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը չի նշվում։
23 դեպքից 13-ի մասին առկա է պաշտոնական հաղորդագրություն, 4 դեպքի մասին պաշտոնական հաստատում է եղել միայն ԶԼՄ-ներով հրապարակելուց հետո, 6 դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել։
Պաշտոնական կառույցները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ գլխավոր դատախազություննշ ու ՀՀ քննչական կոմիտեն դեպքերից 11-ն են համարում զինծառայության հետ կապված։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ:
Մահացության 23 դեպքերից 17-ի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։
Տեղեկանքն ամբողջությամբ՝ [url=https://drive.google.com/file/d/1E7vcrIEQXSAkb_YHWvidl3hQqLD6lQKw/view]ԱՅՍՏԵՂ[/url]
[b]
Հելսինկյան Քաղաքացիական
Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»