1792 դիտում
09:13 26-07-2019
Անհրաժեշտ են միասնություն, կայունություն և ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր․ Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին․
«Սիրելի հայրենակիցներ,
Ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները:
Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական զարգացում և երկրի անվտանգությունը, ունենալ բարեկեցիկ հասարակություն, լիարժեքորեն կյանքի կոչել իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքները, երաշխավորել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Մենք ուշադրությամբ հետևում ենք հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին, գործողությունների մասին կոչերին, այդ կոչերի վերաբերյալ կոչերին և այլն: Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ որ որպես քաղաքացի մեծ է խոսելու գայթակղությունը:
Միաժամանակ ես լիահույս եմ, որ ընթացիկ և հետագա զարգացումները կնպաստեն ոչ միայն դատաիրավական բարեփոխումների արդյունավետությանը, այլև պետական և հանրային կառավարման բոլոր ոլորտների կատարելագործմանը, իշխանություն-հասարակություն փոխըմբռնման և համագործակցության խորացմանը:
Հույս ունեմ նաև, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի: Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին և մտքին: Մենք պետք է գիտակցենք, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը: Քննարկման առարկա դարձնենք տարաձայնություններն ու խնդիրները, այլ ոչ թե անձերին:
Առաջ գնալու համար հաճախ օգտակար է կարճատև դադարը, անելիքը ևս մեկ անգամ ծանրութեթև անելը: Գիտակցենք, որ մեզ այսօր անհրաժեշտ են միասնություն, կայունություն և ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր:
Վերջին շրջանում ես հանդիպել և շարունակելու եմ հանդիպել քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին ու անհատներին, բոլոր նրանց, ովքեր պատրաստ են երկխոսության, ովքեր շահագրգռված են ու գործում են հանուն մեր երկրի և ժողովրդի բարօրության:
Աստված պահապան մեզ»:
Նմանատիպ նյութեր
20682 դիտում
18:28 11-05-2018
«Լույս» հիմնադրամի Գործադիր խորհուրդը առաջիկա նիստում կքննարկի ապագային միտված ծրագրերը. Սերժ Սարգսյան
1486 դիտում
18:46 30-10-2014
Տեղի կունենա «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը
1496 դիտում
11:00 31-10-2014
Կանցկացվի «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը
Այս բաժնից
1147 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1453 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ