211652_close_icon
views-count1493 դիտում article-date 11:00 31-10-2014

Կանցկացվի «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը

Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 13-14-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կանցկացվի «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը։ Համաժողովի կազմակերպիչներից Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի «Հայացք ապագային» ցուցահանդես-համաժողովին մասնակցել է շուրջ 60 կազմակերպություն. «Երիտասարդական էքսպոն նախ հնարավորություն ընձեռեց ՀԿ-ներին ծանոթանալ միմյանց հետ, ինչի արդյունքում ձևավորվեցին նոր կապեր։ Բացի այդ, ներկայացված կառույցները կարողացան համեմատել իրենց գործունեության որակը և ձեռք բերած հաջողությունները։ ՀԿ-ների աշխատանքին ու ծրագրերին ծանոթացան նաև գործադիր իշխանության ներկայացուցիչները, ովքեր բավականին տպավորված էին երիտասարդական ՀԿ-ների ոլորտով»։ Հայկ Մամիջանյանը նկատում է, որ ծրագրել են այդ միջոցառումը դարձնել ամենամյա։ Ցուցահանդես-համաժողովը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս ցույց տալ, թե իրականում ով է աշխատում ՀԿ ոլորտում, և ով է զբաղված աշխատանքի մշուշ ստեղծելով։ Ցուցահանդես-համաժողովն այս տարի անցկացվելու է Երևանի պետական համալսարանում։ Հայկ Մամիջանյանը նկատում է, որ ցուցահանդեսի վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով Մայր բուհի կարևորությունը երիտասարդության համար։ Բացի այդ, նկատի ունենալով, որ ՀԿ-ները հնարավորություն կունենան ներգրավել նոր ուսանող-կամավորների՝ ընտրվել է ամենամեծ բուհի տարածքը, որը կապահովի միջոցառման բարձր տեսանելիությունը։ «Մենք վստահ ենք, որ այս ծրագրի շնորհիվ ԵՊՀ-ում և այլ բուհերում կգտնվեն բազմաթիվ ուսանողներ, որոնք իրենց առաջին քայլերը կանեն կամավորական աշխատանքի և հասարակական աշխատանքի ոլորտներում»,- նշեց Հայկ Մամիջանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսին հրավիրված են մասնակցելու հայաստանյան և միջազգային հիմնադրամների ներկայացուցիչներ, ում հետ հանդիպումները ՀԿ անդամների համար հետագա ֆոնդհայհայթման հնարավորություն կընձեռի։

Նմանատիպ նյութեր