211652_close_icon
views-count1875 դիտում article-date 22:24 30-07-2019

Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Արցախի պատվիրակության

Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ Դաշնային խորհրդարանում, հուլիսի 30-ին Արցախի Հանրապետության պատվիրակության պատվին Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնությամբ պատգամավորներ Թրենտ Զիմերմանի և Ջոել Ֆիթցգիբոնի կողմից կազմակերպվել է ընդունելություն։ Միջոցառմանը մասնակցել են Դաշնային խորհրդարանի սենատորներ, պատգամավորներ, այդ թվում՝ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ութ մշտական հանձնաժողովների նախագահներ և նախարարներ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, պատգամավորներ Թրենտ Զիմերմանը և Ջոել Ֆիթցգիբոնը ողջունել են Արցախի Հանրապետության պատվիրակության այցը՝ հույս հայտնելով, որ այն հիմք կստեղծի ապագայում Ավստրալիայի և Արցախի միջև կապերի խորացմանը, նաև՝ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով։ Պատասխան խոսքում արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել Դաշնային խորհրդարանում կազմակերպված նման ջերմ ընդունելության համար և ներկայացրել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներում արձանագրված արդյունքներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմական ու իրավական ասպեկտներին և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշմանը։ Ընդունելության ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը անդրադարձ են կատարել Արցախի և Ավստրալիայի միջև տարբեր մակարդակներով համագործակցության զարգացման հնարավորություններին։

Նմանատիպ նյութեր