211652_close_icon
views-count10608 դիտում article-date 15:16 31-07-2019

Աստղաթափ Բյուրականում. օգոստոս ամսին 1 ժամում հնարավոր կլինի տեսնել 1000-ից ավելի ասուպ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում 2019 թվականի օգոստոսի 10-ին, 11-ին և 12-ին հնարավոր կլինի ականատես լինել գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի: Այս երկնային երևույթի կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվում է «Վտանգավոր աստղակերպեր» խորագրով դասախոսությունը: Այն կվարի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ուշ երեկոյան հնարավոր կլինի կատարել մոլորակների և այլ երկնային մարմինների դիտումներ: Ասուպային հոսքի ժամանակ, որը նաև կոչվում է աստղաթափ, 1 ժամում կարելի է դիտել 1000-ից ավելի ասուպ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է: Ասուպային հոսքի ժամանակ Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ աստղաթափեր անվանմամբ: Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է: Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք, չնայած շատ փոքր չափերին, նկատելի հետքեր են թողնում երկնքում:

Նմանատիպ նյութեր