Դեսպան Սմբատյանը Շտուտգարտում ելույթ է ունեցել եզդիների ցեղասպանության հիշատակի արարողությանը
Օգոստոսի 3-ին ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում երկրամասի կառավարությունը և Գերմանիայի եզդիների կենտրոնական խորհուրդը համատեղ կազմակերպել էին հիշատակի միջոցառում` նվիրված եզդիների դեմ իրականացված ցեղասպանության 5-ամյակին։
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր ելույթում նշեց, որ 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների անպատժելիությունը, ցավոք, մեզ ականատես է դարձնում դեռ մեր օրերում նմանօրինակ ոճիրների կրկնությանը։ Չցանկանալով համեմատել Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Սինտիի և Ռոմայի դեմ իրագործված ոճրագործությունը կամ եզդի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը` դեսպանն ընդգծեց, որ բոլոր այս հանցագործություններն իրենց բիծն են թողնում մարդկության քաղաքակրթության պատմության մեջ։
Միջոցառմանը ներկա էին նաև ԳԴՀ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն համանախագահ Շեֆեր-Գյումփելը, պետնախարար Շրյոփեն, Շտուտգարտի քաղաքապետը, Բունդեսթագի և Լանդթագի պատգամավորներ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Նադիա Մուրադը, դիվանագիտական բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլք։