1326 դիտում
11:02 07-08-2019
Համահայկական խաղերը կվերածվեն սպորտային մեծ տոնի. Բակո Սահակյան
Համահայկական խաղերը ևս մեկ խթան են՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը: Այս մասին Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում նշել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Այսօր հիշարժան օր է Արցախի կյանքում. Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ անց են կացվում մեր հանրապետությունում: Ստեփանակերտում են գտնվում մայր Հայաստանից, Արցախից և Սփյուռքից բազմաթիվ մարզիկներ ու մարզիչներ, երկրպագուներ ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են սպորտը: Այստեղ չկան հյուրեր, այստեղ բոլորն իրենց տանն են, իրենց պապենական օջախում: Բարի գալուստ Արցախ աշխարհ:
Հայ ժողովուրդը սպորտի հանդեպ ունի ընդգծված վերաբերմունք: Դեռևս վաղնջական ժամանակներում Հայաստանում կազմակերպվում էին համաժողովրդական խաղեր, իսկ հայ մարզիկները մասնակցում էին տարբեր սպորտային մրցաշարերի, այդ թվում նաև անտիկ ժամանակաշրջանի Օլիմպիական խաղերին, ինչի մասին վկայում են պահպանված արձանագրությունները:
Համահայկական խաղերն իրենց բնույթով կարելի է համարել մեր սպորտային անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարևոր մի օղակ:
Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին, Ապրիլյան պատերազմից հետո, ինչն ինքնին խորհրդանշական է: Սա յուրովի մի պատասխան է ագրեսիային և բռնությանը: Սպորտը, մարմնավորելով ուժ, կամք, կազմակերպվածություն ու միասնականություն, միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը: Այն չի ճանաչում սահմաններ և խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների:
Մեր պարագայում դա ևս մեկ խթան է՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:
Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր քույրերն ու եղբայրներն այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են ստանում մոտիկից ճանաչելու իրենց հայրենիքը, շփվելու իրար հետ, հաստատելու նոր ու ջերմ կապեր, դրական լիցքեր ստանալու հայրենի հողից՝ դառնալով ավելի համախմբված, ուժեղ ու անպարտելի:
Հենց դրանում է մեր ժողովրդի ուժը, հենց դրանում է մեր միասնականության զորությունը, դրանում է մեր հաղթանակների իմաստը: Այդպես եղել է, այդպես կլինի այսուհետ։
Խաղերի պատշաճ անցկացման ուղղությամբ կատարվել է մեծ ու ծավալուն աշխատանք, և ես ուզում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամենը կյանքի կոչելու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս ողջունում եմ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բոլոր մասնակիցներին և մաղթում մեծագույն հաջողություններ:
Վստահ եմ, որ այս օրերը կվերածվեն սպորտային մեծ տոնի՝ հետաքրքիր պահեր պարգևելով մեզ և անմոռանալի հետք թողնելով բոլորիս սրտերում: Անկախ արդյունքներից՝ այս խաղերում չեն լինելու պարտվողներ: Հաղթելու է մեր ողջ ժողովուրդը, հաղթելու են մեր միասնականությունը, մեր կամքն ու վճռականությունը: Կեցցե՜ մեր ժողովուրդը: Կեցցե՜ն մայր Հայաստանը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը»,- նշել է Բակո Սահակյանը:
Նմանատիպ նյութեր
1172 դիտում
14:19 29-08-2015
Համահայկական խաղերը մարզական մեծ տոնի վերածելու մեր նպատակը լիովին իրականացավ. Տարոն Մարգարյան. լուսանկարներ
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1084 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN