211652_close_icon
views-count2746 դիտում article-date 18:43 17-08-2019

Արծրուն Հովհաննիսյան. Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ. Արմենպրես

Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ամեն ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան վերադարձնել: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունենք: Բոլոր ջանքերն ինչպես դրել, այդպես էլ շարունակելու ենք դնել դրա համար»: Ըստ նրա՝ այս գործողություններին զուգահեռ տվյալ զորամասում, որտեղ ծառայել է Արայիկ Ղազարյանը, քննություն է անցկացվում: «Քննություն կա ու քննությունը կպարզի շատ ու շատ հարցեր»: Ընդհանուր առմամբ, խոսելով դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը: «Եղբայրը տեղեկացրել է, որ ամենի ինչ նորմալ է եղել ու ինքը նորմալ ծառայել է, վերջերս էլ իրեն բժշկական օգնություն է ցուցաբերվել, ու հենց այդ հետքերն է Ադրբեջանը ցույց տալիս, որպես խոշտանգում, բայց դա իրականում բժշկական միջամտություն է: Ինչպես արդեն ասել է ՀՀ պաշտպանության նախարարը, մենք հակված ենք այն փաստին, որ ինքը մոլորվել է, բայց ամեն ինչ մանրամասն կուսումնասիրենք»:

Նմանատիպ նյութեր