1473 դիտում
17:56 18-08-2019
Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Այս բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես ընդգծեց. «Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու տերունի ու տաղավար տոներից է և առանցքային նշանակություն ունի մեր քրիստոնեական հավատքի համար։ Նախ այս իրողությունը մեր Փրկչի հրաշափառ Հարությունից հետո, մահկանացուներիս միջից առաջին հարության դեպքն է։
Աստվածամոր հարությունը և երկինք վերափոխությունը կատարվեց Աստվածորդու հարության ու համբարձման նմանողությամբ։ Եվ ինչպես Հիսուս երեք օր անց կնքված գերեզմանում հարություն առավ և օրեր անց համբարձվելով՝ կանգ առավ հրեշտակների ինը դասերից յուրաքանչյուրում, նույնպես և Տիրամայրը՝ երրորդ օրը հարություն առավ, պատանքները թողեց գերեզմանում և Փրկչի հետ հրեշտակների ինը դասերում կայանելով՝ բարձրացավ երկինք։ Դրա համար էլ Վերափոխման տոնը Հայ Եկեղեցում նշվում է ինն օր շարունակ»։
Վազգեն եպիսկոպոսը նաև հատկանշական համարեց, որ Վերափոխման սուրբ պատմությունը յուրօրինակ դաստիարակչական նշանակություն ունի ընտանեական կյանքում, ծնողների և զավակների փոխհարաբերություններում՝ հաղորդելով մայրական սեր ու գուրգուրանք, հավատարմություն և սրբություն, պատասխանատվություն, երախտագիտություն ու խոնարհում։
Սրբազան Հայրն անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցում կատարվող Խաղողօրհնեքի նշանակությանն ու ավանդույթին՝ ի մասնավորի հաստատելով. «Հիսուս Ավետարանում որպես որթատունկ է ներկայացվում, իսկ գինին՝ Տիրոջ արյուն Սուրբ Հաղորդության խորհրդի համար։ Այսօր օրհնվում են դաշտերն ու այգիներն առատ բերքատվության համար։
Եվ կրկին փառք մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչին, որ կրոնական տոներին միավորել և շաղախել է ժողովրդական ավանդություններն ու սովորությունները՝ դարձնելով դրանք համազգային տոնախմբություններ, ինչպիսիք են Համաբարձման՝ Ջանգյուլումը, Պայծառակերպության տոնին՝ Վարդավառը և այսօր էլ Խաղողօրհնեքը»:
Վերջում Սրբազան Հայրը հորդորեց հավատացյալներին աղոթքով ու բարեսիրությամբ խնդրել Աստծուց խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց աշխարհը՝ հայ ժողովրդին պարգևելով միմյանց նկատմամբ անսահման սեր ու քաղցրություն, որ Աստվածընկալ Ս. Խորան և Աստվածաբնակ տաճար Մարիամ Աստվածածինը շարունակի բարեխոսել ու հովանավորը լինել Հայոց աշխարհին, մեր Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին։
Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:
վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
12:31 18-08-2014
Ս. Աստվածածնի վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2221 դիտում
16:37 11-08-2016
Օգոստոսի 14-ին` Ս. Աստվածածնի վերափոխման տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կմատուցվի Ս. Պատարագ
1700 դիտում
17:13 15-08-2021
Մայր Աթոռում նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»