2587 դիտում
10:42 24-08-2019
Բաքուն փորձելու է օգտագործել «դաշնակիցներին» Հայաստանի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ մամուլի ծառայությունն ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մոտ ժամանակներս սպասվող հանդիպման մասին: Իհարկե, այլ մանրամասներ հայտնի չեն, ու ԵԱՀԿ-ն հայտնել է, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկացնում են հանդիպումից մի քանի օր առաջ:
Այս նորությունն իր մեջ ինքնին որևէ ինտրիգ չի պարունակում, քանի որ հունիսին Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո հայտնի էր թե նոր հանդիպման պատրաստականության, թե նաև դրա անցկացման հավանական ժամանակահատվածի մասին՝ սեպտեմբերի վերջ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակ, Նյու Յորք:
Այս իմաստով, մոտակա հանդիպման մասին տարածված տեղեկությունն ինքնին, մեծ հաշվով, անսպասելի կամ նորություն չէ: Առավել կարևոր է հարցը, թե ինչ բովանդակություն է պարունակելու հնարավոր հանդիպումը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Հայաստանի առաջնորդի ունեցած պատմական ելույթից հետո, որը առաջացրել էր Բաքվի դժգոհությունը: Այն, որ Բաքուն դժգոհելու էր այդ ելույթից, կասկած չկար: Հարցն այն է, թե ելույթը ինչ արձագանք է առաջացրել միջազգային շրջանակում և համանախագահների մոտ:
Ահա այստեղ է առաջիկայում սպասվելիք հանդիպման գլխավոր ինտրիգը՝ համանախագահների պահվածքը Բաքվի դժգոհության հանդեպ, որովհետև մինչ այժմ եռանախագահները որևէ կերպ չեն արձագանքել Ստեփանակերտի ելույթին: Ու թեև չկա թե բացասական, թե դրական արձագանք, այդուհանդերձ, դիվանագիտական-քաղաքական պրակտիկայի տողատակերում այդ հանգամանքը՝ լռությունը, ինքնին դրական երանգ է պարունակում:
Խնդիրն այստեղ, իհարկե, զուտ արձագանքը չէ, կամ արձագանքի այն համատեքստը չէ, թե ինչ հավանության է արժանանում Հայաստանի վարչապետի ելույթը և բարձրաձայնված նոր մոտեցումները, կամ արժանանո՞ւմ է հավանության, թե ոչ: Խնդիրն այն է, թե ինչ աշխատանքային միջավայր է ձևավորել այդ ելույթը Հայաստանի համար:
Ահա այդ իմաստով, Բաքվի դժգոհությունների նկատմամբ համանախագահների, ընդհանուր առմամբ, լուռ դիրքորոշումը վկայում է, որ նրանք առնվազն բաց են Հայաստանի հետ աշխատանքի համար` Ստեփանակերտում բարձրաձայնված մոտեցումների առումով: Եվ այստեղ թերևս անհրաժեշտ է հիշել, թե այդ ելույթը ինչ արտաքին շրջանակներում արժանացավ, այսպես ասած, դժգոհ ընդունելության` իհարկե Բաքվից բացի:
Հայաստանի վարչապետի ելույթը անթաքույց դժգոհության արժանացավ ռուսական որոշակի մեդիա-փորձագիտական շրջանակներում: Դա նշանակում է, որ արտգործնախարարների մոտակա հանդիպմանն ընդառաջ Բաքուն փորձելու է օգտագործել «դաշնակիցներին» Հայաստանի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար, որը ամենևին պարտադիր չէ, որ ներառի հենց արցախյան գործընթացը»։
Նմանատիպ նյութեր
6167 դիտում
08:24 28-01-2016
Բաքուն նոր գրոհ է կազմակերպելու Հայաստանի դեմ. ուղղությունն արդեն պարզ է. «Հայկական ժամանակ»
2052 դիտում
10:37 13-09-2019
Ընդդիմադիր թևերը, միմյանց դեմ պայքար մղելով, փորձում են «վերցնել» ընդդիմադիր դաշտը․ «Իրատես»
Այս բաժնից
3202 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»