211652_close_icon
views-count33157 դիտում article-date 16:27 25-08-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ

Երեկ՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Ա. Ա.-ն և 16-ամյա Ն. Ա.-ն: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ ոստիկաններն էլ պարզել են, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 17-ամյա Է. Ղ.-ն իրենց տան այգում իր մոտ եղած օդաճնշիչ հրացանով (ՏԻՐ) խնձորենու ծառին կրակելու նպատակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար կրակոցները դիպել են Ա. Ա-ին և Ն. Ա.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են նաև հրացանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր