211652_close_icon
views-count1272 դիտում article-date 21:08 30-08-2019

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցները այցելել են Գյումրի

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այցելեցին Գյումրի: Այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարամն և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի նախաձեռնությամբ Գյուրու «Էմիլի արեգակ» կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ծրագրային հանդիպում-քննարկումը ՀՀ մարզպետների և համայնքային ղեկավարների հետ։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Ողջունելով նման ձևաչափով առաջին հանդիպման անցկացումը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հարստացնելու այն գիտելիքները, որոնք վերաբերում են մարզային զարգացմանը: «Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել, ձեզ՝ պարո՛ն Պապիկյան, պարո՛ն Բալասանյան, պարո՛ն Պետրոսյան՝ ձեր հյուրընկալության համար: Շատ շնորհակալ եմ, որ մարզպետերն արձագանքեցին և մաս են կազմում այս երկխոսության: Ինձ համար սա չափազանց կարևոր, պրակտիկ նշանակություն ունի: Մենք հաճախ խոսում ենք, մեր քննարկումների մեջ ընդգծում ենք շատ կարևոր սկզբունք. մեր գործն ունի պրակտիկ, կիրառական նշանակություն՝ արտաքին հարաբերությունները լավագույնս ծառայեցնելով մեր երկրի ներքին օրակարգին, մեր երկրի գերակայություններին, մեր կառավարության ծրագրի լավագույնս իրականացմանը: Ես շատ շնորհակալ եմ, պարո՛ն Պապիկյան, բավականին հակիրճ և շատ թիրախային խոսքի համար, այդ պատկերացումը հստակ կառուցելու համար, թե ինչպիսին են ներքին գերակայությունները տարածքային զարգացման, մարզերի զարգացման համար, և թե ինչ նշանակություն, որքան ստրատեգիական խորություն ունեն մեր երկրի համար»: Արտգործնախարարը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր դեսպան արդեն իսկ գործնական քայլեր է ձեռնարկում իր ոլորտներում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարաբերությունների շրջանակներում այդ ընդհանուր գիտելիքը տեղայնացնելու և կիրառական արդյունքներ արձանագրելու ուղղությամբ: «Մեր այս դեսպանաժողովը կազմակերպելիս մենք ուշադրություն ենք դարձրել դրան, որպեսզի մեր աշխատանքի կիրառելիությունն առավել ուժեղացնենք մեր երկրի զարգացման օրակարգում, արտաքին ոլորտը, արտաքին հարաբերությունները լավագույնս ծառայեցնենք մեր նպատակին: Եվս մեկ անգամ շնորհակալություն հյուրընկալության համար, և ես անհամբեր սպասում եմ մեր այս երկխոսությանը և ծրագրերին, որոնք պետք է ներկայացվեն մեզ և մեր դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին», - ամփոփեց խոսքը ԱԳ նախարարը։ Նախարար Պապիկյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կառավարության առաջնահերթությունները և ընդգծեց, որ մարզերի ու համայնքների հավասարաչափ զարգացում ունենալու նպատակով անհրաժեշտ է նախանշել ճիշտ թիրախներ և դրանց ուղղությամբ ճիշտ աշխատելաոճ: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշանակալի համարելով նմանօրինակ միջոցառման անցկացումը Գյումրի քաղաքում և հույս հայտնելով, որ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներըն իրենց գործունեությամբ ներդրում կունենան նաև մարզի և Գյումրի քաղաքի զարգացման գործում: Հանդիպմանը մարզային պատասխանատուները ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին ներկայացրեցին իրենց մարզերի զարգացման ծրագրերն ու այլ երկրների վարչատարածքային միավորումների հետ համագործակցության տեսլականը: Մասնակիցները մտքեր փոխանակեցին հետագա քայլերի շուրջ: Գյումրի այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Նմանատիպ նյութեր