211652_close_icon
views-count1601 դիտում article-date 14:03 26-09-2019

Զոհրաբ Մնացականյանը եռակողմ հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի և Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 25-ին՝ Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջև: Արտգործնախարարներն ընդգծեցին, որ այս եռակողմ հանդիպումը ևս մեկ լավ առիթ է քննարկելու օրակարգային հարցերի լայն շրջանակ և նախանշել Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ գործընկերության հետագա շրջանակները: Կողմերը վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ երկխոսության և համագործակցության շնորհիվ հասնելու պատմական ամուր կապերով միահյուսված երեք ժողովուրդների ընդհանուր նպատակների և նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Այս համատեքստում նախարարները նախանշեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացման և համագործակցության նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Այս ուղղությամբ կողմերը կարևորեցին գալիք տարի Երևանում նախատեսված Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովը և նախանշեցին վերջինիս նախապատրաստման աշխատանքները։ Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր։ Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Կիպրոսի և Հունաստանի արտգործնախարարները վերահաստատեցին իրենց երկրների աջակցությունը Հայաստանին ամրապնդելու ԵՄ հետ հարաբերությունները, ինչպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում: Այս առնչությամբ Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես կարևոր գործիք մարդկանց միջև շփումների և կապերի խթանման գործում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր