211652_close_icon
views-count4944 դիտում article-date 13:47 28-09-2019

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների: Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող և Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, հիշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից: Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը: 29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավոր անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամլո ծառայությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր