211652_close_icon
views-count1366 դիտում article-date 19:08 01-10-2019

Մոլդովայի նախագահը հույս ունի, որ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի մեծ գոտի կստեղծվի

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում հույս հայտնեց, որ վաղ թե ուշ ազատ առևտրի մեծ գոտի ստեղծելու բանակցություններ կսկսվեն Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև: Նրա խոսքով՝ Մոլդովայի համար նոր ինտեգրացիոն ծրագրերում մասնակցելը առաջնահերթություն է: «Մոլդովան հետաքրքիր փորձ ունի, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամների համար: Արդեն հինգ տարի է՝ մենք ներդրել ենք ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ երկրների հետ, միաժամանակ այդպիսի համաձայնագիր ունենալով ԱՊՀ երկրների, Բալկանյան երկրների և Թուրքիայի հետ: Հույս ունենք, որ վաղ թե ուշ կսկսեն բանակցությունները ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ միջազգային այս երկու խոշոր կառույցների ազատ առևտրի մեծ գոտի ստեղծելու համար»,- ասաց Դոդոնը: Մոլդովայի Հանրապետության նախագահը նշեց, որ իրենք պատրաստ են ԵԱՏՄ անդամ երկրների հետ կիսվել ինտեգրացիոն գործընթացների իրենց ոչ պարզ, բայց արժեքավոր փորձով: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա է՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար: Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը: 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:

Նմանատիպ նյութեր