1076 դիտում
14:34 04-10-2019
Հեռավար ուսուցում մարզերի դպրոցներում. Պիլոտային ծրագիրը մեկնարկում է Արարատում, Գեղարքունիքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հաջորդ ուսումնական տարվա սկզբից Հայաստանի դպրոցներում ներդնել հեռավար ուսուցման համակարգ: «[url=https://armenpress.am/arm/news/990404.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը նշեց, որ այս նախաձեռնության առիթը դպրոցներում ուսուցիչների պակասի խնդիրն է:
«Այսօր շատ գյուղերում, հատկապես հեռավոր համայնքներում տևական ժամանակ ուսուցիչների թափուր աշխատատեղերի թիվը չի լրացվում: Մրցույթներ հայտարարվում են, սակայն ուսուցիչներ չեն գտնվում: Մոտավորապես, կարող ենք ասել, որ 500 դպրոցում տաբեր առարկաներից ուսուցչի թափուր տեղերը պարբերաբար չեն լրացվում: Թափուր տեղերը հիմնականում բնագիտական առարկաներից են՝ ֆիզիկա, քիմիա և այլն: Ահա այս նոր նախաձեռնությամբ՝ հեռավոր ուսուցման ծրագրով, փորձում ենք լրացնել այդ բացը»,-ասաց Սուսաննա Ազատյանը:
Համակարգն արդյունավետ գործարկելու համար, այս ուսումնական տարվա համար նախարարության նախաձեռնությամբ սկսում է իրականացվել հեռավար ուսուցման պիլոտային ծրագիր: Սուսաննա Ազատյանը նշեց, որ ընտրվել է երկու դպրոց Արարատի մարզի Սիսավանի և Գեղարքունիքի մարզի Անտառամեջի միջնակարգ դպրոցներում: Առաջին դպրոցում չկա քիմիայի ուսուցիչ, երկրորդ դպրոցում՝ ֆիզիկայի: Նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 10-ից: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ու նախարարությունը հայտարարված մրցույթի արդյունքում ընտրել են անհրաժեշտ ուսուցիչներին: Սովորական նույն դասընթացն է լինելու, պարզապես տեղեկատվական հարթակներ են օգտագործվելու:
«Պիլոտային ծրագիրը հնարավորություն կտա վեր հանել հեռավար ուսուցման ծրագրի խնդիրները, որպեսզի դրանց լուծման պարագայում, արդեն հաջորդ ուսումնական տարվա ընթացքում ծրագիրն արդյունավետ ամբողջությամբ գործարկվի: Խնդիրները կարող են կապված լինել ինտերնետ ծառայության, համակարգչային հագեցվածության և այլ հարցերի հետ»,-ասաց նախարարության ներկայացուցիչը: Նա նկատեց, որ կրթական հեռավար ուսուցում ապահովելուն զուգահեռ լուծվում է նաև դպրոցների համակարգչային հագեցվածության խնդիրը: Ինչը շատ կարևոր է:
Ներառական կրթության համատեքստում նույնպես խնդիր է լուծում, աջակցություն է այն երեխաներին, ովքեր ինչ-որ մի փուլում տնային պայմաններում ուսուցում ստանալու անհրաժեշտություն ունեն:
Նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ այս ծրագիրը չի ենթադրում, թե հեռավոր գյուղեր ուսուցիչներ ուղղորդելու գործընթաց չի լինելու: Ընդհակառակը, այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակվելու են, պարզապես հեռավար ուսուցումը կլինի զուգահեռ, որպեսզի ուսուցիչների պակասի խնդիրը մեղմվի:
Նմանատիպ նյութեր
1643 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
2579 դիտում
18:09 14-11-2016
Հավաստագրեր` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի մասնակիցներին
Այս բաժնից
478 դիտում
18:09 06-11-2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առիթով
382 դիտում
17:12 06-11-2024
ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր