2806 դիտում
10:27 04-10-2019
Հիպոթեքային վարկերը հասանելի են միայն լիքը գրպան ունեցողներին․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Հիպոթեքային վարկի հասանելիության մասին պարբերաբար շրջանառվող տեղեկատվություն-գովքը մարդկանց աչքերին թոզ փչելու պես մի բան է։ Փաստը մնում է փաստ, որ հիպոթեքային վարկերը հասանելի են միայն լիքը գրպան ունեցողներին։ Արդյունքն էլ այն է, որ մեկ անձը հիպոթեքով մի քանի բնակարան է ձեռք բերում, իսկ ցածր աշխատավարձով մարդը մնում է կոտրած տաշտակի առջև։ Մինչդեռ հիպոթեքային, մասնավորապես, եկամտահարկով վարկերը նախատեսված էին սոցիալապես ոչ ապահով խավի համար։
Եվ այսպես, 100-200 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդն ի վիճակի չէ հիպոթեք վերցնելու եկամտահարկով, էլ չխոսենք առանց եկամտահարկի հիպոթեք ձևակերպելու մասին։ Պարզվում է, որ ամսական միջին հաշվարկով եկամտահարկը պետք է կազմի 100 հազար դրամից ավելի, որպեսզի վարկ կարողանան ձևակերպել։ Գուցե շատերն ասեն` էլ ի՞նչ պետք է աներ պետությունը։ Գաղափարական առումով այո, պետությունը գնացել է լուրջ քայլի, սակայն գործնական առումով այն բոլորովին իրեն չի արդարացնում։ Տեսեք, 200 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձի դեպքում եկամտահարկը կարող է կազմել 57-60 հազար դրամ, իսկ առևտրային բանկերի պահանջն է, որ այն 100 հազարից ավելի կազմի։ Բացի այս խնդրից, առանց եկամտահարկի հիպոթեքային վարկը տրամադրվում է այն դեպքում, երբ քաղաքացին միանգամից բանկին վճարում է բնակարանի գնի 30 %-ը։ Սոցիալական ծրագրերի դեպքում այն կազմում է 7 %։ Եթե քաղաքացին չունի միանվագ վճարման գումարը, ապա առևտրային բանկը գրավ է վերցնում ոչ միայն գնվող բնակարանը, այլև մեկ այլ բնակարան ևս պետք է գրավադրվի։ Իսկ եթե քաղաքացին այլ սեփականություն չունի, ապա առևտրային բանկերին «չի կշտացնում» միայն գնվող գրավադրումը։
Ինքնին հարց է առաջանում` Հայաստանում այսօր շա՞տ են այն մարդիկ, որոնց աշխատավարձը գերազանցում է 300 հազար դրամը։ Որքան էլ պաշտոնական վիճակագրությունը փորձի ներկայացնել, թե Հայաստանում միջին աշխատավարձը 150-200 հազար դրամ է, միևնույն է, այն իրականությունից բավական հեռու է։ Եթե անգամ ընդունենք, որ վիճակագրությունը չի ստում, ապա միևնույն է, այս դեպքում անգամ մարդը չի կարող օգտվել նույնիսկ «Բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագրից, քանի որ այս ծրագիրը նախատեսում է, որ բնակարանի ընդհանուր արժեքի 7 %-ը պետք է վճարվի բանկին, ինչի հիման վրա բանկը քաղաքացուն կտրամադրի եկամտահարկով հիպոթեքային վարկ, եթե աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ կամ գերազանցում է այն։ Երբ մի քանի տարի առաջ կառավարությունը հաստատեց եկամտահարկով հիպոթեք ձևակերպելու ծրագիրը, մարդիկ թեթևորեն շունչ քաշեցին, մտածելով, որ վերջապես կարող են լուծել իրենց բնակարային խնդիրը, բայց, ինչպես ասում են, թղթի վրա օրենքը մի տեսք ունի, կյանքում` այլ։
Ի վերջո, եկամտահարկով հիպոթեքային վարկի հիմքում դրված է սոցիալական գործոնը, հետևաբար ճիշտ ժամանակն է, որ վերանայվեն այդ դրույքաչափերի պահանջները հօգուտ սոցիալապես ոչ ապահով խավի։ Համոզված ենք, որ դրանից չեն տուժի ո՛չ բանկային համակարգը, ո՛չ էլ բնակարանաշինարարական բիզնեսը։ Հակառակը, որքան պահանջարկը` մեծ, այնքան եկամուտը` շատ։ Այսօր էլ այդ պահանջարկը մեծ է, սակայն այն սպասարկում է մեծ շահույթ ունեցող քաղաքացիների շահերը, ինչն էլ արդարացիորեն դժգոհություն է առաջացնում ժողովրդի շրջանում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
07:50 26-10-2023
Համակարգային առումով խնդիրներին լուծում չի տրվում. «Փաստ»
4557 դիտում
09:49 07-07-2020
Արայիկ Հարությունյանին Փաշինյանը ցանկանում է փոխվարչապետ նշանակել․ «Իրատես»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը