211652_close_icon
views-count1113 դիտում article-date 19:39 11-10-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պաշտոնեությանը` ուղեկցությամբ Պորտուգալիայում հիմնադրված Պորտուգալիա - Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի: Պարոն Վ. Մխիթարյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ այցը կազմակերպվել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Պորտուգալիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում և հույս հայտնեց, որ այն կնպաստի Հայաստանի և Պորտուգալիայի միջև կապերի առավել սերտացմանը: Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին` Նորին Սրբությունը բարձր գնահատեց հիմնադրամի առաքելությունը և այն օգտաշատ աշխատանքը, որ հիմնադրամի ջանքերով իրականացվում է Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ հիմնադրամի աջակցությամբ ժամանակին կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հիմնադրամի զորակցությամբ դեռևս 1954 թվականին իրականացվեցին Միածնաէջ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները, այնուհետև կառուցվեց Մայր Աթոռի վանատունը: Հետագա տարիներին հիմնադրամը նպաստել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությանը: Հանդիպման ընթացքում Հայոց Հովվապետը խոսեց նաև Հայոց Եկեղեցու առաքելության և քրիստոնեական հավատի դերի մասին հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն ընդգծեց, որ քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ է, որ հայ ժողովուրդը կարողացել է դիմագրավել իրեն բաժին հասած բոլոր փորձություններին: Ըստ Հայրապետի, այդպիսի հավատի կրող էր նաև ազգի հարազատ զավակ, բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների փոխհարաբերությունների վերաբերյալ: Հիմնադրամի պաշտոնեությունը Վեհափառ Հայրապետին հրավիրեց այցելել Պորտուգալիա:

Նմանատիպ նյութեր