1047 դիտում
16:52 15-10-2019
ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքն է սկսել «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողովը
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքն սկսեց «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի 80-ամյակին:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչրատուր Մելիքսեթյանը, մասնավորապես ասաց. «Ավելի քան 80 տարվա ընթացքում Երկրաբանական թանգարանը ծավալել է գիտական, գիտակազմակերպչական գործունեություն՝ ավելի ճանաչելի դարձնելով Հայաստանի հետաքրքիր երկրաբանական կառուցվածքը: Լինելով փոքր թանգարան, այնուամենայնիվ, այն հայտնի է ամբողջ աշխարհում իր ունիկալ էքսպոնատներով, իր կրթական, գիտահանրամատչելի և ճանաչողական միջոցառումներով: Այսօրվա գիտաժողովի թեման է գեոտուրիզմը, որի կազմակերպական ձևերից է գեոպարկը: Քանի որ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում իր ուրույն և բարդ երկրաբանական կառուցվածքով, Հայաստանում կան բոլոր նախադրյալները գեոպարկերի ստեղծման համար: Մեր ինստիտուտը կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ Հայաստանում գեոպարկերի ծրագիր իրականացնելու»:
Երկրաբանական թանգարանի 80-ամյա գործունեության նվաճումները ներկայացրեց թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանը ժամանակավոր ցուցադրության տեսքով ստեղծվել է 1937 թվականին երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմվել է նրա հարուստ հավաքածուների՝ մոտ 4500 նմուշի հիման վրա։ Հետագայում թանգարանի հավաքածուները համալրվել են Հայաստանի և այլ երկրների երկրաբանների կողմից։ 1944 թվականից թանգարանը կոչվում է Հովհաննես Կարապետյանի անունով։
Թանգարանի հիմնական նպատակը ՀՀ երկրաբանական կառուցվածքի, ընդերքի հարստությունների երկրաբանական նվաճումների ցուցադրումն է։ Թանգարանում ցուցադրված են օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Ֆոնդում կա ավելի քան 13 հազար նմուշ։ Ցուցանմուշները ցուցադրված են 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։
«Գիտաժողովի նպատակն է համախմբել բնագիտական թանգարանների ներուժը՝ նպաստելու ՀՀ-ում թանգարանների և գեոտուրիզմի զարգացմանը»,- ամփոփեց Գայանե Գրիգորյանը:
Քառօրյա գիտաժողովի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի և Ավստրալիայի 31 մասնակիցներ կներկայացնեն զեկուցումներ Հայաստանում երկրաբանության պատմության, բնապատմական թանգարանների արդի հիմնահարցերի, գեոտուրիզմի, գիտական տուրիզմի, էկոտուրիզմի զարգացման, թանգարանային կրթության և տուրիզմի, լքված հանքավայրերի վերականգնման և դրանք հանգստյան գոտիների վերածելու, երկրաբանական հուշարձանների պահպանության և այլ թեմաների վերաբերյալ: Մասնակիցները կայցելեն Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան, Արարատի տրավերտինի հանքավայր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Թռչունների» քարայր, «Սևան» ազգային պարկ:
Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Շրջակա միջավայրի նախարարությունը, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, Դի Վի Վի ինթերնեյշնալը և Երևանի քաղաքապետարանը:
Նմանատիպ նյութեր
3567 դիտում
21:00 25-05-2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետություն – 100» խորագրով միջազգային գիտաժողովը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»