2140 դիտում
22:30 16-10-2019
ՊԳԿ հայաստանյան գրասենյակը նշում է Պարենի համաշխարհային օրը. Պուշկինոյի միջնակարգ դպրոցը հյուրընկալում է շաբաթվա գլխավոր միջոցառումը
Լոռու մարզ. Պուշկինո գյուղի միջնակարգ դպրոցը դեռ երբեք այսքան մարդաշատ չէր եղել, որքան այսօր։ Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները անչափ ոգևորված էին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից անցկացվող Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման կապակցությամբ, որտեղ դպրոցը տանտիրոջ դերն էր ստանձնել։ Սա շաբաթվա անդրանիկ միջոցառումն էր, որին հաջորդելու է հոկտեմբերի 22-ին նախատեսվող հանրային իրազեկության բարձրացման միջոցառումը։
Դպրոցի փոքր լինելու շնորհիվ բոլոր 42 աշակերտները և 15 հոգուց բաղկացած անձնակազմը հնարավորություն ստացան մասնակցելու առողջ սնունդ պատրաստելու մրցույթին և այլ խաղերի։ Երեխաները սովորեցին առողջարար ու վիտամիններով հարուստ աղցաններ պատրաստել, որի նպատակն էր սովորեցնել նրանց առողջ սննդակարգի և սննդարար մթերքի մասին։ Ի հիշատակ այդ օրվա, բոլոր աշակերտները Պարենի համաշխարհային օրվա թեմայով նվերներ, իսկ հաղթող թիմերը՝ նաև հատուկ մրցանակներ ստացան։
Այս տարի Պարենի համաշխարհային օրը նշանավորում է ՊԳԿ-ի հիմնադրման 74-րդ տարեդարձը։ Լինելով ՄԱԿ-ի տոնացույցի ամենանշանավոր օրերից մեկը, այդ օրն ամբողջ աշխարհում շուրջ 150 երկրների ՊԳԿ-ի գրասենյակների, կառավարությունների, տեղական մարմինների և այլ գործընկերների կողմից կազմակերպված տարաբնույթ միջոցառումներն ուղղված են Զրոյական սովի հասնելուն միտված բոլոր գործողությունների ամրապնդմանը։
Հայաստանի հյուսիսում գտնվող Պուշկինո համայնքը Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ ՊԳԿ-ի կողմից իրականացվող ‹‹Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային անվտանգությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում›› ծրագրի շահառուներից է: Ծրագրի շրջանակներում ընտրված սոցիալապես անապահով ընտանիքների սնուցման և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով նրանց տրամադրվել են կովեր և հավեր։
Պարենի համաշխարհային օրվա միջոցառմանն աջակցում է նաև մեկ այլ ծրագիր, որի նպատակակետերից մեկն այս տարածաշրջանն է։ Ծրագիրը կոչվում է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս», որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից։
Ընդգծելով օրվա խորհուրդն ու կարևորությունը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն ասաց. «Առողջ սնուցման և սննդարար սննդամթերքի հիմնախնդիրների համատեքստում երեխաներն առավել խոցելի են։ Նրանց հնարավորինս վաղ տարիքից պետք է սովորեցնել հարգանք տածել սննդի նկատմամբ, ինչպես նաև ընտրություն կատարել առողջ և անառողջ սննդամթերքի միջև։ Սա ամբողջ աշխարհում սովի զրոյական մակարդակի հասնելու առանցքային գործոններից մեկն է։ Սակայն, միայն մեկ հոգին ի զորու չէ սա անել։ Անհրաժեշտ է համախմբել մեր ջանքերը, յուրաքանչյուր ոք պարտավոր է համագործակցել՝ այս նպատակին հասնելու համար»։
Միջոցառմանը մասնակցում էին ՊԳԿ-ի, Ռազմավարական զարգացման գործակալության ներկայացուցիչները, դպրոցականների ծնողները, ինչպես նաև դպրոցի անձնակազմը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
33177 դիտում
19:12 17-11-2015
Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Պուշկինոյի անտառում հայտնաբերվել է հոշոտված դի
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»