211652_close_icon
views-count1923 դիտում article-date 18:11 03-11-2019

Մայր Աթոռում նշվել է Գարեգին Երկրորդի օծման եւ գահակալության 20-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 3-ին նշվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 20-րդ տարեդարձը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը, հայաստանյան թեմերի առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռի բարերարներ, ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի մասնակիցները ու բազում ուխտավոր հայորդիներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին՝ Մուշեղ Սրբազանն ի մասնավորի խոսեց մարդ արարածի հանդեպ Աստծո առատապարգեւ սիրո եւ Հիսուս Քրիստոսի միջոցով ողորմության եւ բոլոր շնորհներ բաշխման մասին: «Մեր հայազն պատմությունն էլ վկայությունն է, որ Աստված ընտրեց մեր ազգին, առատորեն շնորհներ տվեց, որպեսզի լինենք սուրբ եւ անարատ։ Աստված Իր սիրո՛վ մեզ ընդունեց որպես Իր որդեգիրներ: Մենք էլ Նրա հանդեպ դարերի մեր հավատարմությամբ հավատքը դարձրեցինք մաշկի գույն, լսեցինք եւ կյանքի կոչեցինք յուրաքանչյուր խոսք, ապրեցինք եւ հավատարիմ մնացինք բոլոր պատվիրանններին: Մեզ ոչինչ չշեղեց Աստծուց ուղենշված մեր ճանապարհից, եւ մեզ չպիտի սասանեն մեր հայրերի ուղղափառ հավատքից ո՛չ հուր, ո՛չ սուր, եւ ո՛չ էլ որեւէ արհավիրք: Եվ հավատում ենք, որ Արածանիի մկրտության եւ դրոշմի սրբազան խորհուրդներով հայերս արժանացանք Աստծո բոլոր շնորհներին, որն աստվածային պարգեւն է՝ տրված մեզ՝ իմացական արարածներիս, մեր հավիտենական փրկության համար։ Իսկ փրկությունը Քրիստոսով է, կյանքը Քրիստոս է, որ մարմին առավ մեզանից յուրաքանչյուրի փրկության համար: Ամենքս շնորհ ստացանք Տիրոջից, շնորհ սերմանվեց մեր հոգիների մեջ եւ աստվածապարգեւ կյանքի ընթացքին մեզանից է կախված՝ կչորանա արդյոք, թե կպտղաբերի», - ասաց Մուշեղ եպիսկոպոսը: Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաեւ, որ առաքելահաստատ Հայոց Եկեղեցին մշտապես հավատավոր հայ ժողովրդի կողքին է եղել հոգեփրկչական իր առաքելությամբ՝ կերտելով փառահեղ պատմություն, ստեղծելով աստվածախոս մշակույթ, կրթելով հայրենասեր սերունդ եւ աշխարհին ներկայացրել քրիստոնյա հային: Եկեղեցին խրատել, հորդորել եւ ուսուցանել է Ավետարանի ճշմարտությունները, որպես հոգատար մայր՝ խնամել եւ ոչինչ չի խնայել իր զավակի փրկության համար: Մուշեղ եպիսկոպոսը փաստեց, որ այսօր էլ շարունակվում է Եկեղեցու ազգապահպան ու հայրենակերտ առաքելությունը եւ երկու տասնամյակ է, ինչ կրկին բարգավաճում ու առաջընթաց են ապրում Հայոց Եկեղեցու հոգեւոր-կրթական հաստատությունները, գործողների կողքին կառուցվում են նորերը եւ նոր աստիճանի է բարձրանում հոգեւոր եւ հայեցի կրթության մակարդակը: Այնուհետեւ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 20-րդ տարեդարձին՝ Մուշեղ Սրբազանն ընդգծեց. «Սրբազան հիմնադիրներից՝ Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներից ու երկրորդ լուսավորիչ Սուրբ Գրիգորից սկսյալ, Մայր Աթոռը նույնացվել է իր գահակալների հետ: Ամենայն Հայոց կաթողիկոսները կերտել են տվյալ ժամանակի եկեղեցական դարաշրջանն իրենց յուրահատուկ վաստակով եւ գործունեությամբ: Տարբեր չէ պարագան նաեւ մեր օրերում, երբ արդեն երկու տասնամյակ Աստծուց մեզ հովվելու է կոչված ազգընտիր Հայրապետը Հայոց՝ հանձին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով գահակալության այս քսան բեղուն տարիներին մշտապես հավատարիմ մնաց իր ուխտին եւ իր տեսիլքին, որի բարեբեր արդյունքները տեսնում ենք այսօր։ Ներկա ժամանակներում եկեղեցական կյանքը ձեւավորվում, ուղղություն եւ առաջնորդություն է ստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Սրբազնագույն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետության ներքո, եւ մենք այսօր տոնում ենք մեր սիրելի Հայրապետի գահակալության 20-րդ տարեդարձը: Վեհափառ Տեր, փառք ենք տալիս Աստծուն, որ Դուք ընտրյալ հաջորդը Լուսավորչի, արժանավոր շարունակողը եղաք երջանկահիշատակ մեր հայրապետների առաքելության: Անցնող 20 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպե´ս Ձեր իմաստությամբ, տեսլականով ու անձանձրույթ աշխատանքով իրականանում են այն բոլոր սքանչելի ծրագրերը, որոնց շնորհիվ քրիստոնեացած հայ ոգին ավելի է տոգորում հայոց ինքնությունը եւ պահպանվում հայ ժողովրդի կյանքից ներս»: Սրբազան Հայրը, ներկա ժողովրդի եւ Մայր Աթոռի միաբանության անունից շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն անցնող 20 տարվա ընթացքին արձանագրված բազում իրագործումների համար, մաղթեց, որ Տերն ամուր եւ զորավոր պահի Նորին Սրբությանը՝ նույն ոգով շարունակելու առաջնորդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քարոզելու «զԲանն Աստուծոյ»: Հավարտ Ս. Պատարագի, Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգեւոր դասը եւ ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու շենացման եւ Սուրբ Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատության եւ արդյունաշատ հովվապետության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր