949 դիտում
16:00 13-11-2019
Նշվածը բավարար է կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված համարելու համար. Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է կրթության և գիտության ոլորտում տեղի ունեցող հասարակական նշանակության իրադարձություններին: Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունը չունի համալիր և համակարգային պատկերացում կրթության և գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Քանի որ կրթության և գիտության ոլորտը, իշխանության թեթև ձեռքով, հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում, ապա հարկ եմ համարում արձանագրել որոշ կարևոր դիտարկումներ.
1. Հայաստանի նոր իշխանությունը չունի համալիր և համակարգային պատկերացում կրթության և գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ;
2. Անցած մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանի նոր իշխանությունները չեն մշակել և հանրությանը չեն ներկայացրել կրթության և գիտության զարգացման հայեցակարգ, ռազմավարություն, գործողությունների ծրագիր և ժամանակացույց: Պատճառը թեևս նույնն է. անկարողություն և տեսլականի բացակայությունը;
3. Կրթության, գիտության և այլ հարցերի նախարարությունը իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է ԲՈՒՀ-երի և դպրոցների վրա տոտալ վերահսկողության և քաղաքական ազդեցության հաստատման ուղղությամբ;
4. Հայաստանի կրթական հաստատությունները, ուսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ՀՀ բարձրագույն իշխանության և հատկապես, վարչապետ Փաշինյանի կողմից չեն արժանանում պատշաճ ուշադրության և հարգանքի: (Ապացույցները կներկայացնեմ ասվածի առնչությամբ կասկածների առկայության դեպքում):
5. Կոնկրետ ոլորտների պետական քաղաքականության մշակման ընթացքում, եթե իհարկե այդպիսիք մշակվում են, ՀՀ իշխանությունները չեն օգտվում Հայաստանի գիտա-ակադեմիական շրջանակների կողմից մշակված հարյուրավոր թեկնածուական և դոկտորական ատենախոսություններից, գիտական հոդվածներից, մենագրություններից և դրանցում առաջ քաշված առաջարկություններից և լուծումներից
6. Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը կրում է տարերային բնույթ, համակարգված չէ, համաձայնեցված չէ տասնյակ հազարավոր մանկավարժների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ:
7. Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը հիմնված չէ Հայկական շահի վրա և չի ծառայում այդ շահին: Այս քաղաքականությունը հիմնված է համընդհանուր (գլոբալ) շահի վրա և միտված է ՀՀ կրթական համակարգը համընդհանուր շահին ստորադասելուն և այդ շահին ծառայեցնելուն:
Կարծում եմ, նշվածը բավարար է կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված համարելու համար:
Ուրախ կլինեմ լսել հակափաստարկներ, եթե այդպիսիք գտնվեն»:
Նմանատիպ նյութեր
2701 դիտում
09:01 09-09-2021
Տապալված ոլորտի ինքնահավան ղեկավարը. պատվաստումային գործընթացը՝ ձախողված. «Ժողովուրդ»
Այս բաժնից
838 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)