122478 դիտում
10:34 16-11-2019
Խոշոր հրդեհ Արմավիր քաղաքում. հրշեջները, ոստիկաններն ու քաղաքացիները մի քանի ժամ պայքարում էին անասնագոմում առաջացած խոշոր կրակի դեմ. նրանց շնորհիվ 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն փրկվել է. վնասը կազմում է մոտ 40 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր:
Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ:
Լրացուցիչ ժամանել են նաև Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Վիգեն Հարությունյանի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Մուշեղ Պետրոսյանի գլխավորությամբ:
ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հովհաննես Ղանդիլյանի գլխավորությամբ:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ:
Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները կարողացել են, վտանգելով իրենց կյանքը, անասնագոմից դուրս բերել 32 գլուխ խշոոր եղջերավոր անասուն:
Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է Սաիդ Ուսոյանին պատկանող անասնագոմին հարակից հատվածում պահեստավորված մոտ 6 հազար հակ անասնակեր, իսկ կից ավտոտնակում ամբողջովին այրվել ու մոխրակույտի է վերածվել Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում եղած ողջ ապրանքները:
Դեպքի վայրում հավաքված տուժած քաղաքացիները, նրանց հարևաններն ու ընկերները իրենց շնորհակալությունն էին հայտնում հրշեջ-փրկարարներին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Դեռ չգիտենք՝ ինչից է առաջացել կրակը, բայց ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել հրշեջ-փրկարարներին, Արմավիրի ոստիկաններին, ովքեր կարճ ժամանակում հասան հրդեհի վայր ու մեզ հետ պայքարեցին էս անտեր կրակի դեմ:
Նրանց շնորհիվ 32 գլուխ խոշոր եղջերավոր անասունները փրկվեցին: Նրանց շնորհիվ կրակը չտարածվեց մյուս հատվածներ:
Հիմա ուզում ենք հավատալ, որ կառավարությունը և Արմավիրի մարզպետարանը մեզ օգնության ձեռք կմեկնեն»:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել էին ողջ տարածքը, որպեսզի հրշեջները կարողանային անվտանգ կատարեին իրենց աշխատանքը:
Կրակը ամբողջովին մարվել է, սակայն մինչև այս պահը հրշեջները դեռ աշխատում են դեպքի վայրում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին հրդեհի հետևանքով կրել է 35-40 մլն դրամի վնաս:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 234+
234+