Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանի խորհրդարանի առջև բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ցուցարարները պահանջել են վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականը, ինչպես նաև համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացում:
Ընդդիմադիր ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը, շենքի կողքին վրաններ են ամրացրել: Բողոքի ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել են դրսում և մտադիր են թույլ չտալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների մուտքը խորհրդարան:
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ իշխող կուսակցության պատգամավորները մերժեցին համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները: