2318 դիտում
19:13 18-11-2019
Աժ նախագահը Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը ողջունել է Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:
Շնորհավորելով Միխայել Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի, մասնավորապես նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ բավական լուրջ եւ գործընկերային հարաբերություններ կան, ինչի մասին են վկայում վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի ակտիվ փոխայցերը: Աժ նախագահը ողջունել է Գերմանիայի կողմից ֆինանսավորվող կամ տեխնիկական աջակցություն ստացող զանազան ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը եւ Հայաստանի զարգացմանն առհասարակ:
Արարատ Միրզոյանը հերթական անգամ հավաստել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին եւ որեւէ հետքայլ չի լինելու այս առումով: Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է նաեւ իր ջանքերը՝ համաշխարհային անվտանգության ամրապնդման ուղղությամբ եւ այս առումով կարեւորել է Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Աժ նախագահը ողջունել է Բունդեսթագի տարբեր պատգամավորների այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը շատ լավ հնարավորություն է՝ տեղում խնդրին ծանոթանալու եւ ընդգծել է, որ անկախ ԼՂ խնդրի լուծված չլինելուն՝ Հայաստանը շարունակելու է պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները:
Կողմերը խոսել են կրթական զանազան ծրագրերի, երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված լավ ավանդույթների մասին: «Վստահ եմ, որ մեր երկրների եւ մեր խորհրդարանների միջեւ հարաբերությունները կշարունակեն կտրուկ զարգանալ եւ Դուք Ձեր ավանդը կունենաք այդտեղ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար, նշել, որ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ աշխատելու համար: «Լիահույս եմ, որ կշարունակենք մեր լավ համագործակցությունը: Դուք նշեցիք գերմանա-հայկական համագործակցության մեծ ներկապնակ, որին ես եւս կցանկանամ անդրադառնալ: Դուք իրավացիորեն նշեցիք արդյունավետ համագործակցության մասին, որը է՛լ ավելի է զարգացել Թավշյա հեղափոխությունից հետո: Դուք նշեցիք նաեւ բարձրաստիճան այցերի մասին, որոնք ավելի են ամրապնդել կապերը»,- ասել է դեսպանը՝ հայտնելով, որ հաջորդ տարի նախատեսվում է Գերմանիայի Դաշնային հանրապետության նախագահի այցը Հայաստան: Միխայել Բանցհաֆը նշել է, որ իր կարճատեւ այցի ընթացքում արդեն տեսել է, թե որքան մեծ է հայ ժողովրդի կամքը՝ ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ուղղությամբ, իսկ այդ բարեփոխումների ընթացքում մեծ դեր է վերապահված խորհրդարանին, եւ Գերմանիան պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի պատգամավորներին: «Կարծում եմ, որ մոտ ապագայի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական լի է, բավական ծանրակշիռ եւ թույլ կտա մեզ արդյունքներ գրանցել: Ուրախալի է Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական կուրսը, ժողովրդավարական բարեփոխումները. դա Հայաստանը մեկ աստիճանով բարձրացնում է համաշխարհային հարթակի վրա գտնվող տարբեր պետություններից, որտեղ միտումները ավելի ավտորիտար համակարգին անցումն է: Հայաստանը ներկայի այն եզակի օրինակներից է, որը հաստատակամորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով եւ որը արժանի է մեր աջակցությանը»,- ընդգծել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը:
Նմանատիպ նյութեր
2776 դիտում
20:40 18-10-2020
Արցախ այցելած Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների ճեպազրույցը՝ ուղիղ
790 դիտում
20:50 07-02-2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1179 դիտում
23:11 25-11-2022
ՀՀ ԱԳ նախարարը դեսպանի հետ հանդիպմանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը
Այս բաժնից
547 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1399 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի